Ինքնաթիռում հարբածների չարաճճիությունները կարող են խիստ միջոցների կիրառմամբ ավարտվել և ոչ թե ինքնաթիռի սպասարկող անձնակազմի, այլ հենց ուղևորների կողմից: Դրանում համոզվել է ԱՄՆ մի քաղաքացի: Ռեյկյավիկից Նյու Յորք վերադարձի ժամանակ տղամարդը հայտնվել է ինքնաթիռում՝ մեծ չափաբաժնով շնափս և վիսկի օգտագործած:
Ուղևորի հարևանությամբ գտնվողների համար, մեղմ ասած, հեշտ չի եղել: Սկզբում նա սկսել է բղավել, որ ինքնաթիռն ընկնում է օվկիանոսը, այնուհետև սկսել է հարձակվել մյուս ուղևորների վրա: Վերջապես որոշել են նրա հետ հարցերը լուծել կտրուկ ձևով. նրան կապել են նստատեղին մի ամբողջ փաթեթ կպչուն ժապավենով:
Նման խիստ միջոցառում ձեռնարկել են այն բանից հետո, երբ հարբածը հարձակվել և փորձել է խեղդել մի կնոջ: Ուղևորները նաև հոգացել են սրահում լռություն ապահովելու մասին` ուղևորի բերանը ևս փակելով։
Սթափվելուց հետո տղամարդը չի բողոքել, հակառակը՝ ուրախացել է, որ ամեն բան կարգավորվել է առանց վարչական գործի հարուցման:
Սա առաջին անգամ չէ, երբ ստիպված են լինում ուղևորներից կամ սպասարկող անձնակազմի անդամներից որևէ մեկին թռիչքի ընթացքում չեզոքացնել: 2012 թ. մարտին Նյու Յորք-Լաս Վեգաս թռիչքը կասեցվել էր նման արարքի պատճառով: Թռիչքից անմիջապես հետո օդաչուն սկսել էր անհեթեթ արտահայտություններ անել: Մի քանի ժամ անց նա ինքնաթիռը հանձնել էր 2-րդ օդաչուին, դուրս էր եկել սրահ և սկսել անհեթեթություններ ասել Իրանի, Իրաքի, Իսրայելի մասին: Ուղևորների մեջ գտնվող նախկին ոստիկանը ստիպված էր եղել խելագար օդաչուին տապալել և կապել:











































