Չորեքշաբթի օրը տեղական լրատվամիջոցները հայտարարել են, որ լեհական հեռուստատեսության լրագրողները Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատ են տարել պայթուցիկ միջոցներ` ապացուցելու պատգամավորների անվտանգությունն ապահովող միջոցների անհուսալիությունը:
Խորհրդարանի շենք ռումբը ձեռքին անծանոթը մուտք է գործել վթարային ելքից, անցել է ստորգետնյա միջանցքով և ռումբը դրել է հենց առաջին շարքում: Չնայած մուտքի թույլտվություն չունենալուն, նրա վրա ոչ մի ուշադրություն ոչ ոք չի դարձրել:
Սեյմի խոսնակ Եվա Կոպաչը, ով որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, թե Սեյմը շատ լավ պաշտպանված է և լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու կարիք չկա, խոստովանել է, որ չնայած արարքը սարսափելի է, սակայն ցույց է տալիս թե որքան հեշտ է մուտք գործել խորհրդարանի շենք:
Փորձագետներն ու իրավասու մարմիններն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ խորհրդարանի շենքը պարսպապատ չէ և 8 մուտքերից միայն 4-ն ունեն 40 սմ բարձրությամբ արգելապատնեշներ, որոնք կարող են խոչընդոտել միայն մարդատար ավտոմեքենաների մուտքը, բայց արգելք չեն կարող հանդիսանալ ծանր տրանսպորտային միջոցների համար:
Այլ բացթողումների շարքում նշվում է նաև նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի գրասենյակների պատուհանների վրա հակահրազենային պաշտպանիչ շերտի բացակայությունը, պատգամավորների մեքենաների պատշաճ ստուգումը` պայթունավտանգ համակարգերի նկատմամբ, օդափոխման համակարգի նկատմամբ հսկողությունը, որը հնարավորություն է տալիս նիստերի դահլիճում տարածվող թունավոր գազերի տարածմանը: Շենքի ամբողջ տարածքում տեղադրված 130 տեսախցիկներին հետևում է մեկ մարդ` 19 էկրանի միջոցով:
Անվտանգության նման ցածր մակարդակ է նաև վարչապետի նստավայրում, արտաքին գործերի նախարարությունում: Ցանկացած անցորդ կարող է մուտք գործել վերոհիշյալ կառույցներ:







































