«Ունեմ իմ անձնական ողբերգությունը` միակ զավակիս կորցրեցի: Բայցի այդ, դրսի նկատմամբ իմ հետաքրքրությունը դադարել է»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման հեղինակի` «ինչո՞ւ Ալվարդ Պետրոսյանը տանից դուրս չի գալիս» հարցին պատասխանել է վերջինս:
«Մի 20 մարդ կան, որոնց կյանքում շատ կարևոր դեր եմ խաղացել` ապրելու պարզապես, տուն ունենալու առումով: Կան կառույցներ Հայաստանում ու Արցախում, որոնց կառուցման համար ես երեք վեպի էներգիա եմ ծախսել: Ինձ ասում էին շնորհակալություն, ասում էի` Աստված որդուս առաջ բերի, հիմա ասում եմ` Աստված թոռներիս առաջ բերի: Հենման կետ է պետք գտնել: Եթե ես մտածեմ, որ ինքնասպանություն գործելով կհանդիպեմ որդուս հետ` կգործեմ: Բայց ինքս ինձ մտածում եմ, որ Աստծու կողմից ստեղծված արարած եմ: Ինքս իմ մեջ եմ ամփոփվում: Հենման կետ եմ փնտրում»,- ասել է գրող-հրապարակախոսը:
Տարեվերջին մեծ աղմուկ բարձրացավ` կապված Ալվարդ Պետրոսյանի որդու` Նարեկ Առուշանյանի մահից հետո նրա ղեկավարած` Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կնոջը` Աննա Մնացականյանին նշանակելու հետ: Մեղադրում էին նաև Ալվարդ Պետրոսյանին։ Վերջինս, սակայն, մեղադրանքներին չէր պատասխանում: «Ես չեմ խոսել: Միայն մեկ անգամ ասացի, որ եթե այնտեղ, ինձնից, որդուցս ու հարսիցս բացի, մեկը մեխ է խփել, ես ներողություն կխնդրեմ: Խոսքս շենքը կառուցելու, շենացնելու, կահավորելու մասին էր, ոչ թե վաստակաշատ ուսուցիչների: Այնտեղ իսկապես կան վաստակաշատ ուսուցիչներ: Խաղում են բառերի հետ: Ես ուզում էի, որ որդուս կառուցած հոգևոր, մշակութային տաճարը չքանդվի, որտեղ ուսանողները 300-ից դարձան 750: Ես Աննային փորձության չէի ենթարկի, հիմա նա իմ միակ զավակն է, անհավատալի կազմակերպական փորձ ունի, խելացի աղջիկ է ու կրթված»:











































