Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության փոխնախարար Մարինե Միզանդարին պարզաբանել է, թե ինչու են դադարեցվել Թբիլիսիի կենտրոնում արաբ ներդրողի կողմից 35-հարկանի հյուրանոցի շինարարության աշխատանքները:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», փոխնախարարի խոսքերով՝ հյուրանոցի շինարարությունը պետք է սկսվեր օրենքի խախտումով, ուստի իրենք ներդրողին առաջարկել են կամ փոխել նախագիծը, կամ դրա շինարարության համար այլ վայր ընտրել, ինչը մերժվել է:
Մեկնաբանելով կայացված որոշման վերաբերյալ երկրի նախագահի վրդովմունքը՝ Միզանդարին ասել է, որ 35-հարկանի շենքը չի համապատասխանում քաղաքի ընդհանուր տեսքին:
«Անկախ փորձագետների եզրակացության հիման վրա Մշակույթի նախարարությունը դեմ է դուրս եկել այդ նախագծին, քանի որ այն ամբողջովին անընդունելի է Թբիլիսիի, մասնավորապես այն պատմական հատվածի համար, որում պետք է կառուցվեր հյուրանոցը: 35-հարկանի շինությունը մեծ դժբախտություն կլիներ մայրաքաղաքի համար»,- հայտարարել է Միզանդարին:










































