ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը սատարել և սատարում է միայն Պարույր Հայրիկյանին՝ ներառյալ Հայրիկյանի ծրագրերը։ Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կսատարի՞ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին նման սցենարի դեպքում:
Նա նշեց, որ այժմ ձգտում է շարունակել սկսած սահմանադրականության կայացման գործընթացը։ «Ինչ վերաբերում է պաշտոնին, ապա իրազեկեմ, որ ունեցել եմ և ունեմ հայ իրականության ամենաբարձր պաշտոնը՝ ազգային ազատագրական պայքարի, հայ ժողովրդի ինքնորոշման շարժման առաջնորդ․․․ Սրանից վսեմ էլ ի՞նչ․․․»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Պարզաբանելով 1998 թվականի նախագահական ընտրություններին իր դիրքորոշումը՝ հիշեցրեց, որ որպես ինքնուրույն թեկնածու մասնակցեց այդ ընտրություններին՝ սատարելով միայն իրեն: Սակայն ընտրությունների երկրորդ փուլում, նրա խոսքերով, Հայաստանի ընտրողները ստիպված էին սատարել կամ ձայն տալ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից Կարեն Դեմիրճյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։
«Ես այն ժամանակ եղա միակ քաղաքական ուժի առաջնորդը, որը ստիպեց սահմանադրականությունից գաղափար չունեցող (հետագայում սակայն այդ ոլորտում որոշ չափով մասնագիտացած) Ռոբերտ Քոչարյանին ընդունել սահմանադրական բարեփոխումների իմ ծրագիրը։ Հիմա դուք որոշեք՝ ե՞ս եմ սատարել Քոչարյանին, թե՞ նա ինձ։ Ամեն ինչ չէ, որ իշխանությամբ ու իշխանական աթոռով է որոշվում։
Ինձ համար միշտ ավելի կարևոր բաներ են եղել, և դրանք բոլորովին իմ անձին չեն վերաբերել։ Օրինակ՝ այդ փուլում ինձ և՛ վարչապետ էին առաջարկում, և՛ ԱԺ նախագահ։ Դրանք ժամանակավոր պաշտոններ էին, որ կշեղեին հիմնական գործից՝ սահմանադրական բարեփոխումներից։ Եվ ես ընտրեցի ընթացքում չնկատվող, սակայն ստրատեգիական նշանակության սահմանադրական բարեփոխումների գործը։
Ու հիմա բազմաթիվ միջակություններ պատկերացում անգամ չունեն, որ եթե չնախաձեռնեի այդ բարեփոխումները, ոչ մեկի պետքն էլ չէր, որ չունեինք գործող Ազգային ժողով, Սահմանադրական դատարան, երկքաղաքացիության իրավունք և այլն,և այլն»,- մանրամասնեց Պարույր Հայրիկյանը։








































