Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթը, որը երեխայի է սպասում, չորեքշաբթի օրն Ուելսում, որտեղ նրա ամուսինը ծառայում է որպես ռազմական փրկարարական ուղղաթիռի օդաչու, կտոնի իր 31-ամյակը: Արքունիքի ներկայացուցիչները հրաժարվել են միջոցառման մանրամասները հաղորդել: Սակայն լրագրողներին հաջողվել է պարզել, որ տոնը կանցնի հանգիստ ընտանեկան ընթրիքով` գյուղական քոթեջում, որը թագավորական ընտանիքը վարձակալել է Անգլսի կղզում՝ արքայազնի զորամասի հարևանությամբ` փոխանցում է ITAR-TASS-ը:
Նախկինում Ուիլյամն ու Քեյթն իրենց ծննդյան օրերն անցկացրել են լոնդոնյան գիշերային ակումբներում ու ռեստորաններում:
Հայտնում են, որ Քեյթի ծննդյան տոնական ընթրիքի ճաշացանկը կլինի խիստ դիետիկ: Դեկտեմբերն նա մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում` սուր տոքսիկոզի պատճառով:
Մամուլի տվյալներով՝ արքայական երեխայի ծնունդը սպասվում է հունիսին կամ հուլիսին: Երեխայի ծննդից հետո Ուիլյամը հավանաբար կամ կտեղափոխվի լոնդոնյան այլ զորամաս, կամ կլքի զորքի շարքերը:
Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է պատրաստում օրինագիծ, որով կհավասարեցվեն բրիտանացի տղա և աղջիկ թագաժառանգների իրավունքները: Այդպիսով, եթե նույնիսկ Քեյթն աղջիկ ունենա, կզբաղեցնի իր հորեղբոր՝ արքայազն Հարրիի տեղը՝ ըստ գահի փոխանցման հերթականության:
Եղիսաբեթ II թագուհին թոռի, նրա կնոջ ու նրանց ապագա երեխայի համար գյուղական տուն է ընտրել, որտեղ նրանք կկարողանան ապրել` հեռու քաղաքային աղմուկից: Ուիլյամի ու Քեյթի ապագա տունը գտնվում է թագուհու և նրա ամուսնու` արքայազն Ֆիլիպի արվարձանային նստավայրից 3 կմ հեռու՝ Անմեր գյուղում, որն ունի 63 բնակիչ: Գյուղում խանութներ ու բարեր չկան: Տեղի բնակիչներն ազատ ժամանակն անցկացնում են ակումբում, որտեղ դարթս և դոմինո են խաղում:
Վերջերս վերանորոգվել էր Ուիլյամի ու Քեյթի լոնդոնյան բնակարանը:









































