ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Եվրախորհրդարանի հրավերով մեկնում է Բրյուսել: Այնտեղ Աբրահամյանը բավական ներկայացուցչական հանդիպումներ է ունենալու: ԱԺ նախագահը, ամենայն հավանականությամբ, փորձում է հետ չմնալ Հայաստանի եվրաինտեգրման պաշտոնական կուրսից՝ երևի թե հասկանալով, որ դրանից հետ մնալու պարագայում կարող է դուրս մնալ Հայաստանի պաշտոնական շրջանակներից: Իսկ դրանից հետո արդեն մեծ է շատ այլ շրջանակներից դուրս մնալու ռիսկը:
Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում, ամենայն հավանականությամբ, կփորձի ներկայանալ որպես եվրաինտեգրման ակտիվ ջատագովներից մեկը՝ փորձելով հավասարակշռել դեկտեմբերի սկզբին իր Ռուսաստան կատարած այցը այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանական հիերարխիայում Աբրահամյանի առանցքային մրցակից Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում փորձում էր իր հարցերը լուծել իշխանական հիրերախիայում կայուն տեղ ունենալու առումով: Հովիկ Աբրահամյանը երևի թե փորձում է այդ ռաունդում իր պարտության հանդեպ ռևանշի հասնել Բրյուսելում:
Բայց եվրամայրաքաղաքում Հայաստանի ԱԺ նախագահը երևի թե մեկ այլ անելիք էլ ունի՝ պետք է մաքրի հետքերը: Խոսքն այն հետքերի մասին է, որ Բրյուսելում բավական անհաջող կերպով թողեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Հովիկ Աբրահամյանի խնամին: Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում, ամենայն հավանականությամբ, կանի ամեն ինչ, որպեսզի մաքրի իր անունը Գագիկ Ծառուկյանի քաղաքական կուրսից, որը բավական անփառունակ ձևով տապալվեց, և որում առանցքային նշանակություն ունեցավ հենց նրա Բրյուսել կատարած այցելությունը:
Եթե մինչ այդ Հովիկ Աբրահամյանը փորձում էր ամեն կերպ ներկայանալ որպես Ծառուկյանի որոշումների հիմնական «գաղափարախոսներից» մեկը, ապա Ծառուկյանի տապալումից հետո նա, բնականաբար, կփորձի հնարավորինս տարանջատվել նրանից, ինչպես նաև այն ամենից, ինչը Բրյուսելում իր՝ այսինքն Աբրահամյանի անունից կարող էր խոսել ԲՀԿ առաջնորդը:
Խնդիրն այն է, որ եթե Հովիկ Աբրահամյանին չհաջողվի Բրյուսելում, այսպես ասած, ազատվել Գագիկ Ծառուկյանի հետքերից, ապա շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի քաղաքական գործընթացում Աբրահամյանը պարզապես այդ հետքով էլ հենց կգնա Ծառուկյանի հետևից: Այդ հետագծից է, որ Բրյուսել կատարած այցի ընթացքում ամեն կերպ փորձելու է խուսափել Հովիկ Աբրահամյանը: Դա է նրա այցելության առանցքային խնդիրը, որ փորձելու է լուծել եվրաչինովնիկների հետ հանդիպումների ընթացքում, եթե, իհարկե, Բրյուսելում արդեն վերջնական որոշումը չեն կայացրել խնամիական փաթեթով:









































