Հռոմի ծայրամասում մի խումբ ցուցարարներ հարձակվել են ներգաղթյալների ժամանակավոր բնակեցման կենտրոնի վրա: ANSA-ի հաղորդմամբ՝ ներգաղթի դեմ բողոքները բռնության բնույթ են ձեռք բերում: Ցուցարարները ճայթռուկներ են նետել հաստատության վրա, իսկ շենքի մուտքերի մոտ այրել են աղբամաններ և 1 ավտոմեքենա:
Ժամանակավոր բնակեցման կենտրոնի պատուհաններից, որտեղ պահվում են փախստականներ և անօրինական գաղթածներ, ի պատասխան՝ նետել են դատարկ շշեր ու քարեր: Որպես հետևանք՝ 2 մարդ է տուժել, այդ թվում՝ 1 իրավապահ: Մի քանի մարդ ձերբակալվել է:
Հռոմում ներգաղթյալների դեմ ցույցերը սկսվել են մի քանի օր առաջ, բայց մինչև հիմա խաղաղ են անցել: Իրավիճակի սրման պատճառով թաղամասում ձեռնարկվել են անվտանգության լրացուցիչ միջոցառումներ:










































