Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանն անվանել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թշնամի: Այս մասին հայտնում է «Մաարիվ» առցանց պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի գործընկերներին հղված Նեթանյահուի տեսաուղերձը:
Նեթանյահուն ԱՄՆ իշխանություններին նախազգուշացել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցով Իրանի հետ համագործակցության մասին: Քաղաքական գործիչը հիշեցրել է Արևմուտքի հույսերի մասին, որ Թեհրանը կօգնի աշխարհին ահաբեկչության դեմ պայքարում: «Ճշմարտությունից ավելի ուժեղ բան չկա,- հայտարարել է Նեթանյահուն:- Իրանը խնդիր է, այլ ոչ թե լուծում»:
Վարչապետը նշել է, որ միջուկային ծրագրի հարցով բանակցությունները մեծ սխալ են: Նա կարծում է, որ կոշտ պատժամիջոցներն ավելի ճիշտ լուծում կլինեին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ Իրանը կդառնա ավելի վտանգավոր համաշխարհային սպառնալիք, քան ԴԱԻՇ-ը, եթե միջազգային միջնորդների «վեցյակի» հետ համաձայնագիր ձեռք բերվի:









































