Բրիտանացի երաժիշտ Ռոբերտ Պլանտը հրաժարվել է Virgin Galactic ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնի առաջարկից՝ 791 մլն դոլարով վերստեղծել Led Zeppelin լեգենդար ռոք-խումբը: Այս մասին հայտնում է Evening Standard թերթի էլեկտրոնային տարբերակը:
Հաղորդվում է, որ 66-ամյա ռոքերը ցնցված փրոմոութերների առաջ պատռել է Լոնդոնում, Բեռլինում և Նյու Ջերսիում 35 համերգների պայմանագիրը, երբ նրա խմբի ընկերները համաձայնել են գործարքին: Mirror թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ խմբի անդամները փորձել են նրան համոզել փոխել որոշումը, սակայն անարդյունք:
Թերթի գնահատմամբ՝ գործարքը վոկալիստին և խմբի համահիմնադիրներ կիթառահար Ջիմմի Փեյջին ու բասիստ Ջոն Փոլ Ջոնսին կբերեր 253 մլն-ական դոլար:
Մագնատ Բրենսոնը Led Zeppelin-ի մեծ երկրպագուն է և նույնիսկ պատրաստվել է իր ինքնաթիռներից մեկը ոճավորել հատուկ խմբի շրջագայության համար:








































