ԱՄՆ Նյու Յորք նահանգի Հոուզ-Քեյվ քաղաքի բնակչուհի Էլեոնոր Քանինգեմն իր 100-ամյակը նշել է պարաշյուտից թռիչքով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Քանինգեմը պարաշյուտով առաջին անգամ թռչել է իր 90-ամյակին, հետո՝ 95-ամյակին: Նրա առողջությանը հետևող բժիշկները նրան թույլ են տվել թռչել նաև 100 տարեկանում, որովհետև կինը հրաշալի վիճակում է: Հոբելյարը թռիչքը կատարել է ավելի քան 2.700 մ բարձրությունից՝ հրահանգչի հետ:
Քանինգեմն ունի 5 երեխա, 15 թոռ, 26 ծոռ և 2 թոռան թոռ: Նրանցից շատերը գնացել են աջակցելու նրան: «Դու 5 տարի հետո է՞լ ես թռչելու»,- մեծ տատիկին հարցրել է նրան դիմավորող 8-ամյա Դիլանը: «Իհարկե»,- պատասխանել է հոբելյարը:
Քանինգեմն ասել է, որ իրեն օգնում է երիտասարդ մնալ այն, որ իրեն մշտապես շրջապատում են երիտասարդները: Նա 30 տարի բուսակեր է եղել, բայց վերջերս նորից սկսել է միս ուտել: Հարազատների խոսքով՝ Քանինգեմը մինչև 95 տարեկանը մեքենա է վարել և սիրել է բոուլինգ խաղալ:



















































