Նախնական տվյալներով՝ Կատալոնիայի անկախության վերաբերյալ իրավական ուժ չունեցող ոչ պաշտոնական հարցմանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայից առանձնացմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խորհրդանշական քվեարկությանը մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 5.4 միլիոն կատալոնացիներից ավելի քան 2.25 մլն-ը:
Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը կիրակի կայացած խորհրդանշական հանրաքվեն անվանել է լիակատար հաջողություն: Իրենց հերթին Իսպանիայի իշխանությունները, ովքեր դեմ էին հանդես գալիս ոչ պաշտոնական հարցման անցկացմանը, քվեարկությունն անվանել են անարդյունավետ:
Քվեարկությունը կազմակերպել են մոտ 40 հազար կամավորներ:
Կատալոնիան պատրաստվում էր իսկական հանրաքվե անցկացնել, սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանը կառավարության դիմումից հետո հանրաքվեի անցկացման մասին որոշման գործողությունը 5 ամսով արգելափակել է:
Կատալոնացիները կազմում են Իսպանիայի բնակչության մոտ 6 տոկոսը, ունեն իրենց լեզուն և մշակույթը: Անկախության գաղափարը ժողովրդականություն է ստացել Իսպանիային պատուհասած տնտեսական ճգնաժամի ֆոնին:









































