«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրախորհրդի Երիտասարդության հարցերով Խորհրդատվական խորհրդի անդամ Մարինե Մանուչարյանը:
– Տիկին Մանուչարյան, Հայաստանը միանում է ԵՏՄ-ին այն պայմաններում, երբ 3,5 տարի բանակցել է Ասոցացման պայմանագրի շուրջ և արդեն որոշակի փոփոխություններ գրանցել մի շարք ոլորտներում: Դուք ի՞նչ եք կարծում՝ ԵՏՄ անդամակցությունից հետո պետք է հետընթաց գրանցե՞նք, թե՞ կարողանալու ենք պահպանել այն, ինչ ունենք:
– Այսպարագայումշատկարևորէհասկանալ, թեմենք,որպես հասարակություն, որարժեհամակարգինենքձգտում հասնել: Եթե մենք ձգտում ենք ունենալ այն գրավոր արժեքները, որոնք Հայաստանը վավերացրել է, եթե դրա շրջանակում ենք խոսում, ապա դրանք այն արժեքներն են, որոնց վրա հիմնված է թե Եվրոպայի խորհուրդը, թե Եվրոպական միությունը: Ինչ վերաբերում է Եվրասիական միության արժեքներին, ինձ թվում է՝ Հայաստանի իշխանությունները տապալվել են այդ արժեքների ձևակերպման, դրանք հասարակությանը հասանելի դարձնելու հարցում: Ես նույնիսկ մտածում եմ, որ միգուցե դրանց վերաբերյալ քննարկում չի էլ եղել, և արդյոք գոյություն ունե՞ն այդ արժեքները, թե՞ ոչ, և ինչպիսի՞ արժեքներ են դրանք՝ այնպես, ինչպես տապալել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում այդ արժեքային համակարգ ասվածը:
Կարծում եմ, որ գաղտնիք չէ՝ այն բավականաչափ քննարկվեց Հայաստանում, հիմնականում խեղաթյուրված տարբերակով մատուցվեց հասարակությանը, և մատուցվեցին ավելի շատ ատելություն պարունակող արժեքներ, քան թե այն արժեքները, որոնք համամարդկային են և նաև՝ քրիստոնեական՝ ինչու չէ: Կարծում եմ՝ այս հարցում մեզ մոտ փոփոխություն է տեղի ունենում, որովհետև մենք ապրում ենք ինֆորմացիայի ժամանակաշրջանում: Մեր երկրում համացանցը տարածված է, մարդիկ տեղեկատվություն ստանալու նորանոր աղբյուրներ են փնտրում, հետևաբար այդ փոփոխությունները կանգնեցնելը անհնար է, որովհետև դա կնշանակի մարդկանց ստիպել դադարել մտածել, դադարել հարցաքննել և քննարկել, ունենալ այդ քննադատական մոտեցումը յուրաքանչյուր մատուցված գաղափարի հանդեպ:
– Դուք հաճախ եք շփվում եվրոպացի չինովնիկների հետ, նրանք նշում են, որ Ուկրաինայում ժողովուրդը դուրս եկավ փողոց, իսկ Հայաստանում սեպտեմբերի 3-ի որոշումը որևէ դիմադրության չարժանացավ: 3,5 տարի շարունակ ԵՄ-ն տարբեր ծրագրեր է իրականացրել, գումարներ է փոխանցել բարեփոխումների և մենթալիտետի ձևավորման համար: Ի՞նչը սխալ արվեց, որ հասարակության մեջ այդ ընտրությունը չհասունացավ:
– Ինձ թվում է՝ խնդիրը բազմակողմ է: Նախ՝ Ուկրաինայի հետ տարվող զուգահեռները մի քիչ կողմնակալ են, որովհետև Ուկրաինան ունի նարնջագույն հեղափոխության հաջողված փորձ, Ուկրաինան ունի միավորման ալիքներ ու մեթոդներ, որոնք մենք չունենք: Ուստի ինձ թվում է՝ նրանց հրապարակ դուրս գալը մեկ օրվա բան չէր, դա, իհարկե, նախկինում ունեցած բոլոր կապերն օգտագործելու արդյունք է:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք այս 3,5 տարվա ընթացքում, մենք ասելով՝ ի նկատի ունեմ թե քաղաքացիական հասարակությունը, թե իշխանություններին, չկարողացանք Հայաստանի հանրությանը ընկալելի դարձնել, թե ինչ մսից ու արյունից է կազմված այս եվրոպական ինտեգրացիա կոչվածը: Իհարկե, խոսվում էր բավականին քաղաքագիտական մակարդակով, բոլոր տեսակի վերլուծությունները և ամեն ինչը ներկայացվում էին, սակայն դա հասանելի չդարձավ շարքային քաղաքացուն: Երբ հասարակությանը դնում են ընտրության առաջ, պետք է հստակ լինի տարբերությունը՝ ինչ ես ստանում այս դեպքում և ինչ ես կորցնում այն դեպքում: Մեզ մոտ չստացվեց բացատրել: Հիմա մենք ունենք մեկ այլ հնարավորություն՝ օգտագործելու այդ փորձը նույն ԵՏՄ-ին միանալու գործընթացը քննելու, վերլուծելու, հասկանալու համար, թե արդյոք որքանո՞վ է դա նպատակահարմար ՀՀ-ին, որքանո՞վ է դա սպառնալիք մեր անկախությանն ու ինքնիշխանությանը, որոնք ինձ համար ամենակարևոր արժեքներն են այսօրվա դրությամբ, և օգտագործել դրանք, քանի որ այդ ստորագրված փաստաթղթերը դեռ պետք է Հայաստանի ԱԺ-ում քննարկվեն: Մենք դեռ չենք կորցրել իրական քաղաքական գործընթաց ունենալու և իրական մասնակցային ժողովրդավարությունը վայելելու հնարավորությունը: Հետևաբար կարծում եմ, որ սա նաև սթափության կոչ պետք է լինի մեր հասարակությանը, որպեսզի ուշադիր հետևենք գործընթացներին, որովհետև մենք մեր անկախության համար շատ թանկ ենք վճարել, և դա կորցնել աշխարհաքաղաքական խաղերի ու ինտրիգների պարագայում՝ ամոթ է:









































