ԵՄ-ն պետք է աշխատի ԱՄՆ-ի հետ միասին: Այս մասին այսօր ելույթ ունենալով «Հայաստանում Եվրոպական միության մոդել-2014թ.» երիտասարդական խորհրդաժողովին՝ ասաց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա նշեց, որ շատ հետաքրքիր է քննարկման դրված հռետորական հարցը՝ ո՞ւր է մեզ տանում Արևելյան գործընկերություն ծրագիրը:
«Եթե մենք ցանկանում ենք պատասխանել այս հարցին, ապա պետք է ետ գնանք և հասկանանք, թե ինչպես էր մշակված, կառուցված այն: Արևելյան գործընկերության մշակվածությունը փայլուն էր, գերազանց, երբ մենք նայում ենք ծրագրին, այն գրավիչ է, լավն է: Խոսքը արժեքների մասին է, տնտեսական բարեկեցության, եվրոպական քաղաքակրթությանն ասոցացման:
Ամեն ինչ լավ է, բայց ծրագրի նախագիծն իրականում այդքան էլ լավ չէր մշակված: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք: Եթե այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, տեղի ունենար 50 կամ 100 տարի առաջ, ապա դա կկոչվեր պատերազմ, քանի որ ԵՄ-ն հավակնում է ունենալ այն, ինչ պատկանում է Ռուսաստանին: ԱլԳ-ն հավակնում է քաղաքական և տնտեսական ազդեցության այն տարածքներում, որոնք 25 տարի առաջ ռուսական կայսրության մասն էին. խոսքը ԽՍՀՄ-ի մասին է: Ուստի Ռուսաստանը չափազանց ագրեսիվորեն արձագանքեց ծրագրին՝ պնդելով, որ այն հակասում է իր ռազմավարական շահերին: Բայց սա տեղին մոտեցում չէր, քանի որ ԱլԳ որոշ երկրների իշխանություններն իրապես հավատարիմ չեղան այն արժեքային համակարգին, որն առկա է ԵՄ-ում:
Վերջապես մենք ստացանք այն, ինչ այսօր ունենք: Մենք ունենք ստորագրված երեք համաձայնագրեր, մենք ունենք Հայաստան, որը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և արդեն ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Միևնույն ժամանակ մենք վտանգավոր իրավիճակ ունենք Ուկրաինայում, այսինքն՝ կա ներուժ, որ իրավիճակը կվերածվի ռազմական պատերազմի: Ի՞նչն էր սխալ, և ի՞նչը ԵՄ-ն այնքան էլ լավ չէր հաշվարկել՝ սկսելով այս գործընթացը»,- հարցադրում արեց Արթուր Ղազինյանը՝ շարունակելով, որ արժեքների տեսանկյունից ամեն ինչ գերազանց էր, տնտեսության առումով՝ նույնպես, որովհետև ԵՄ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, բայց քաղաքականության և անվտանգության տեսանկյունից կան որոշակի հարցեր, մասնավորապես, թե որքանո՞վ ԵՄ-ն ուշադրություն հատկացրեց այս երկու խնդիրներին:
«Ամենակարևորը՝ որքանո՞վ էին հասարակությունները պատրաստ ետ մղել գործընթացները ներսից: Այնուամենայնիվ, եթե հասարակությունը չի նպաստում ԵՄ-ի հետ ինտեգրացիային, այլ մարդիկ, պաշտոնյաներ հետաքրքրված չեն լինի ներդնել ժողովրդավարություն, օրենքի իշխանություն: Մենք տեսանք, որ քաղաքական և անվտանգության բաղադրիչները ԱլԳ-ում բավականին թույլ են, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո մեզ ժառանգություն մնացին չկարգավորված հակամարտություններ ԱլԳ բոլոր երկրներում: Ուկրաինայում կա Ղրիմն ու Դոնբասը, Վրաստանում՝ Հարավային Օսիան և Աբխազիան, Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղը, Մոլդովայում՝ Մերձդնեստրը: Այս բոլոր կետերն ըստ էության լծակներ են Ռուսաստանի ձեռքում: Ռուսաստանը, թույլ լինելով տնտեսապես և արժեքային համակարգով, աշխատում է զենքով և պատերազմելով:
Դուք մեկ ակնթարթ գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կպատահեր, եթե Հայաստանը Վիլնյուսում ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը՝ ԼՂ չկարգավորված հակամարտության և Թուրքիայի հետ փակ սահմանների պարագայում: Շատ լավ է հնչում՝ մենք մոտենում էինք եվրոպական ընտանիքին, ներդնում էինք այդ արժեքային համակարգը. այո, գրավիչ է, բայց ինչպե՞ս: Առանց Թուրքիայի հետ սահմանների բացման, առանց ԼՂ հակամարտության կարգավորման, առանց գոնե խաղաղության երաշխիքների ինչպե՞ս էր դա հնարավոր՝ հնարավոր չէր»,- ասաց նա:
Ղազինյանը նշեց, որ Արևելյան գործընկերությունը տանում է սառեցված մի փուլի, որովհետև, ինչպես մենք տեսնում ենք, այն հիմա սառեցված է, քանի որ մենք խոսում ենք ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերությունների մասին, մենք խոսում ենք ԵՄ-Վրաստան հարաբերությունների մասին: «Բայց մենք պետք է առաջ մղենք գործընթացը, մենք պետք է վերակենդանացնենք և վերակառուցենք Արևելյան գործընկերությունը: Իմ համոզմամբ՝ ԵՄ-ն պետք է աշխատի ԱՄՆ-ի հետ միասին»,- նշեց Արթուր Ղազինյանը:









































