«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կարող է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս ժամանակով դուրս մնալ շարքից: Խաղացողը վնասվածք է ստացել A Սերիայի 19-րդ տուրի «Սամպդորիա»-ի դեմ խաղում:
Նա վնասել է աջ ծունկը, բայց ստիպված էր վնասվածքով շարունակել խաղը, քանի որ մարզիչներն արդեն օգտագործել էին բոլոր փոխարինումները: Ի վերջո, չդիմանալով ցավերին, Մարկիզիոն ընկավ խոտածածկին՝ բռնելով ծունկը: Նրան դուրս տարան պատգարակի օգնությամբ:
Նախնական հաղորդմամբ՝ խաղացողը վնասել է ծունկը, իսկ թե կան արդյոք կտրված մկանային հյուսվածքներ, կպարզի բուժզննումը:









































