ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանը զավեշտալի է համարում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և թռչնաբույծների միության պարզաբանումը ձվի գնի թանկացման հետ կապված:
Հիշեցնենք, որ, ըստ այդ կառույցների, վերջին ամսում շուկայում ձուն թանկացել է, 60 դրամից հասել է ընդհուպ 85 դրամի, քանի որ ձու արտադրող ընկերություններում վառեկները խոշորացել են, դարձել են ածան հավ ու սկսել են արդեն ավելի մեծ տրամագծով ձվեր ածել, իսկ մեծ ձուն ավելի թանկ է վաճառվում:
«Առաջին լրատվական»-ը Խաչիկ Մանուկյանից հետաքրքրվեց՝ իր արտադրամասի վառեկնե՞րն էլ են հավ դարձել ու թանկ ձվեր են ածում: «Երևի կատակ են արել: Նախարարությունն էլ կատակ անել գիտի: Բայց էն աղվեսի ու իր փոչի պատմությունը գիտեք… Սա այդ դեպքն է: Այդտեղ լուրջ բան չկա, կատակ են արել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ թանկացումը կապված չէ արտադրող ընկերությունների հետ, դա ավելի շատ մատակարարների ու շուկայի խնդիրն է: Նա վրդովվեց բարձրացված աղմուկից՝ հետաքրքրվելով, թե երբ ամռանը ձուն դարձավ 25-30 դրամ, ինչո՞ւ մարդիկ չէին հարցնում, թե որն է էժանացման պատճառը: «Ոչ մեկը չէր հետաքրքրվում, թե այդ արտադրողները կարող են նման պայմաններում գոյատևել: Ո՛չ մեկի՝ ո՛չ գյուղնախարարության, ո՛չ կառավարության մտքով աբսալյուտնը չէր անցնում հետաքրքրվել մեզանով: Ձվի ավելցուկ առաջացավ, քանի որ ամառ էր, գնողունակություն չկար: Դա սեզոնային խնդիր է, որն այսօր էլ է առաջացել: Բայց հենց մի հատ ձու է թանկանում, բոլորն ընկնում են թռչնաբուծական ֆաբրիկաների հետևից: Շուկաներում, խանութներում ձուն թանկանում է, էլի մենք ենք մեղավոր»,-նկատեց «Մաքս-գրուպի» սեփականատերը:
Նշենք, որ նման դեպքերում, երբ շուկայում ավելցուկ է առաջանում, սովորաբար բալանս առաջացնելու համար մորթ է իրականացվում, իսկ ավելի ուշ, փաստորեն, երբ մեծանում է ձվի պահանջարկը, արդեն ածան հավի պակաս է լինում, ինչն էլ առաջացնում է ձվի դեֆիցիտ ու բարձր գին:
Խաչիկ Մանուկյանը չասաց, թե իրենք քանի դրամով են ձու տալիս մատակարարներին: Ասաց՝ տեղյակ չէ: Հարցին, թե իսկապե՞ս Ամանորի նախաշեմին ձվի դեֆիցիտ չի առաջանա շուկայում, ինչպես հավաստիացնում է նախարարությունը, Մանուկյանն արձագանքեց. «Դե, եթե հավաստիացնում է, ուրեմն մի բան գիտի, էլի, բայց ինձ թվում է՝ խնդիր չի առաջանա: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ պետք է որ խնդիրներ չառաջանան»:
Մանուկյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե ներկայումս ձու ներկրվո՞ւմ է, թե՞ ոչ: Տեղյակ էլ չէ, թե նախարարությունը թույլատրե՞լ է իր ընկերությանը ձու ներկրել, թե՞ ոչ:
Նշենք, որ ըստ նախարարության տվյալների՝ Հայաստանում օրական արտադրվում է 900 հազար ձու, սպառվում է 700 հազարը, իսկ Ամանորին ձվի պահանջարկը հասնում է 16 միլիոնի: Ըստ նախարարության, սակայն, այս դեպքում էլ ներկրելու անհրաժեշտություն չկա: Իսկ եթե ամեն դեպքում առաջանա, ապա կառավարությունը 4 ընկերությունների թույլատրել է ձու ներկրել այլ երկրներից:




































