Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան իր Volkswagen Beetle ավտոմեքենան 1 միլիոն դոլարով գնելու առաջարկ է ստացել։ Պոտենցիալ գնորդը անհայտ արաբ շեյխ է, գրում է Busqueda շաբաթաթերթը։
Մուխիկան հայտնի է իր համեստությամբ. նրան անվանում են «աշխարհի ամենաաղքատ նախագահը», և 1987 թ. արտադրության «բզեզը» նրա միակ մեքենան է։
«Ինձ այդ առաջարկն արել են»,- հաստատել է Մուխիկան արաբ շեյխի՝ իր մեքենան գնելու ցանկությունը։ «Սկզբում ես դրան առանձնապես ուշադրություն չդարձրի, բայց հետո, երբ այն կրկնվեց, արդեն լուրջ ընդունեցի»,- հայտնել է նախագահը, որի լիազորություններն ավարտին են մոտենում առաջիկա ամիսներին։
Ավտոմեքենայի դիմաց ստացած գումարը Մուխիկան մտադիր է ծախսել բարեգործության վրա՝ «Միասին» նախագծի՝ աղքատ ուրուգվացիների համար կացարանների շինարարության ծրագրի շրջանակներում։











































