ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Ազատամարտիկների դաշինք» կազմակերության նախաձեռնողներից Ռուստամ Գասպարյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում, հակադարձելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկայնի նախագահ դառնալու ցանկության առթիվ, թե՝ «Բաղդադում էլ շատ խուրմա կա, Ծառուկյանն ինչ ուզում է՝ թող դառնա», ասաց. «Մանվել Գրիգորյանը մեր մարտական ընկերն է, ճանապարհ ունի անցած, պատմություն ունի կերտած: Էսօր ցավ եմ ապրում, որ ինքը իշխանությունների հովանու տակ նման հայտարարություններ ա անում»:
«Առաջին լրատվականի» հարցին, թե արդյոք իր ու ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ «Ազատամարտիկների դաշինք» կազմակերության ստեղծումը հակակշի՞ռ է ԵԿՄ-ին, Գասպարյանը պատասխանեց, թե իրենք որևէ մեկին հակակշիռ դառնալու խնդիր չունեն. «Մենք էսօր ստեղծել ենք էս դաշինքը՝ կանգելու ժողովրդի կողքին: Երբ Երկրապահը հայտարարեց, որ ինքը իշխանությունների կողքին ա, իշխանություններն էդ օրվանից սանձարձակվեցին»:
Եռյակի վերջին հանրահավաքում ազատամարտիկներն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ էին նստացույց սկսելուն, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դա թույլ չտվեց: Ռուստամ Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե նա դա ինչպե՞ս է գնահատում: Ըստ Գասպարյանի՝ Ծառուկյանը շատ ճիշտ է արել, որովհետև նստացույցը ոչինչ չէր տալու: «Նստելու ենք, ասենք՝ հեռացեք, ու իրենք էլ ասեն՝ չենք հեռանա»:
ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը չի խոսել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին, հարց տվող էլ չի եղել այդ առթիվ:
Դիտեք «Առաջին լրատվականի» հարցազրույցը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ:








































