«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, դեպի Ռուսաստան Հայաստանի արտահանման ավելացման ակնկալիքները չեն արդարանում: Վիճակագրական տվյալների համապատասխան՝ այդ ցուցանիշն այս տարի սեպտեմբեր ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան վեց տոկոսով կրճատվել է: Մինչդեռ ՀՀ իշխանություններն ակնկալում էին, որ ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների արդյունքում դեպի այդ երկիր արտահանումը զգալիորեն կավելանա: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ աճը չի ստացվում:
– Ռուսաստանի պարագայում արտահանման աճը չէր կարող ավելանալ: 1994 թվականից մենք այդ երկրի հետ ազատ առևտրի պայմանագիր ունենք: Այսինքն՝ ՌԴ-ի հետ մենք լավ ռեժիմի մեջ եղել ենք, բայց մինչև այժմ արտահանման առավելագույն հնարավորությունը դա է եղել: Հայաստանը վերամշակվող սննդից, տարբեր տեսակի ալկոհոլից, պտուղ-բանջարեղենից բացի, կարծես թե, ուրիշ բան չի էլ արտահանել ՌԴ: Մեր արտահանման մեջ գերակշիռ մաս կազմող հանքարդյունաբերությունը հիմնականում միջազգային շուկա է ուղղված, ուստի պարզ է, որ այս ընթացքում էլ խոշոր հաշվով ոչինչ չէր փոխվելու: Այնուամենայնիվ, դեպի ՌԴ արտահանման հետ կապված մի քանի վտանգավոր երևույթ եմ տեսնում: Եթե նույնիսկ դեպի այդ երկիր վերը նշված ապրանքների արտահանումն ավելանա, դա լինելու է մեր կողմից սպառվող սննդամթերքի հաշվին: Իսկ այդ աճը բերելու է այստեղ այդ ապրանքների թանկացմանը: Այսինքն՝ ներքին շուկայում կկրճատվի առաջարկը, իսկ դա միանշանակորեն բերելու է սննդամթերքի թանկացման: Թեև մյուս կողմից էլ՝ մենք արտահանման այդ հզորությունները չունենք:
– Փաստորեն, արտահանման ակնկալիքներին հակառակ Ռուսաստանից ներմուծումն է ավելացել:
– Այո, և դա կարող է տեղի ունենալ տարբեր պատճառներով՝ հացահատիկի, նավթամթերքի և լայն սպառման այլ ապրանքների ներկրման ավելացման արդյունքում: Չմոռանանք, որ Հայաստանը նավթամթերքն արդեն բացառապես ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունից է գնում, մինչդեռ նախկինում այլ երկրներից էլ էր բերվում: Բայց ես կարծում եմ, որ մեր երկրի զարգացման հիմքը ոչ թե պետք է լիներ ներմուծումը կամ նշված ապրանքների արտահանումը, այլ ներդրումներն ու նոր տեխնալոգիաներով բարձրորակ արտադրության ավելացումը: Մինչդեռ այս պարագայում մենք դա չենք ունենա, որովհետև ՌԴ-ն ինքը բավականին խիստ ներդրումների կարիք ունի և անգամ մեր երկրի նման տարածքներից փորձում է հնարավորինս փոխհատուցում կորզել: Իհարկե, չի կարող մեծ ծավալով փոխհատուցում լինել, որովհետև Հայաստանը այդ հարուստ երկիրը չէ: Բայց ՌԴ-ից ներմուծվող գազը թանկ է, և այդ երկիրը թշնամական հարաբերություններ ունեցող Ուկրաինային գազ է վաճառում այն նույն գնով, ինչ գնով վաճառում է «շատ բարեկամական» Հայաստանին: Այն, որ 1000 խորանարդ մետրի գինը սահմանին 185 դոլար է, դա ոչինչ չի նշանակում, քանի որ մինչև տուն նույն ռուսական ընկերությունն է սպասարկում, և մենք մեր բնակարաններում կամ արտադրամասերում սպառվող գազի համար բարձր գին ենք վճարում:
Կամ՝ բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը: Տեսեք, ողջ աշխարհում նավթամթերքը էժանանում է, Հայաստանում որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Ընդամենը 10 դրամով է էժանանում՝ այն դեպքում, երբ նավթը 25 տոկոսով էժանացել է: «Ռոսնեֆտ»-ը, որը Հայաստանում նավթամթերքի ներկրման մոնոպոլիստ է, տարեկան 25 մլրդ դոլարի կարիք ունի: Պարզ է, որ ինչ-որ կերպ փորձելու է արևմտյան պատժամիջոցների արդյունքում ունեցած կորուստները կոմպենսացնել մեր նման երկրների հաշվին:
– Տևական ժամանակ է, ինչ ռուսական ռուբլին է արժեզրկվում, բացի այդ, անցած տարվա համեմատ կրճատվել է ՌԴ-ից եկող տրանսֆերտների քանակը: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա:
– Այո, Ռուսաստանից եկող տրանսֆերտները 8,5 տոկոսով կրճատվել են, իսկ ռուսական ռուբլին մոտ 30 տոկոսով արժեզրկվել է: Բացի այդ ՌԴ-ում արդեն գումար չկա, նշանակում է արտարժութային զանգվածը քիչ է, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ներդրումները քիչ են լինելու: Եվ ցանկացած պարագայում այդ ներդրումների հիման վրա նոր աշխատատեղերն են պակասում: Ուստի այստեղից արտագնա աշխատանքի մեկնողների համար դժվար է լինելու աշխատանք գտնելը: Հայտնի է, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ առաջին հերթին ազդում է շինարարության և առևտրի ոլորտների վրա, որտեղ ՌԴ-ում իրենց զբաղվածությունն են ապահովում մեր հայրենակիցները: Եվ այս վիճակում նրանց աշխատանքային ծավալները, ինչպես նաև եկամուտներն ու Հայաստան ուղարկելիք գումարները կրճատվել են:
Եվ երրորդը՝ խնդիրը ոչ միայն ռուբլու արժեզրկումն է, այլև այդ երկրի բյուջեի եկամուտների նվազումը: Սա նշանակում է, որ բյուջեի շրջանակում կատարվող շինարարությունը չի կատարվում, քանի որ, որպես կանոն, ճգնաժամային իրավիճակներում լուծում են հիմնականում սոցիալական խնդիրները՝ կրճատելով մյուս ծրագրերը: Հիմա տեսնում ենք, որ միջազգային շուկայում նավթի գինը վերջին տարիներին ռեկորդային անկումն է գրանցել, նույնիսկ կանխատեսումներ կան, որ գնանկումը շարունակվելու է: Իսկ եթե Իրանի հետ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան համաձայնության գան, ինչը սպասվում է առաջիկա ամսում, և եթե Իրանին թույլ տան մեծ ծավալով նավթ շուկա մտցնել, ապա դա կլինի աշխարհի գինն ունեցող տարբերակներից մեկը: Իսկ միջազգային նավթի շուկա Իրանի մուտք գործելը ՌԴ-ի համար բավականին վատ իրավիճակ կստեղծի, և ՌԴ-ի բյուջեն մեծ խնդիրներ կունենա: Այդ երկիրն արդեն իսկ օգտվում է իր պահուստային ռեզերվներից, և որոշ տեղեկությունների համաձայն այն կարող է բավարարել առավելագույնը մեկուկես-երկու տարի: Նման իրավիճակում պարզ է, որ ՌԴ-ի վատ սոցիալ-տնտեսական վիճակը անմիջականորեն ազդելու է մեր տնտեսության վրա:









































