Մուամար Քադաֆիի կողմնակիցները և հարազատները, ներառյալ՝ նրա այրին ու երեխաները, պատրաստվում են Լիբիա վերադառնալ, երբ իրավիճակը երկրում կայունանա: Այս մասին Times թերթին ասել է Լիբիայի նախկին ղեկավարի զարմիկ և խորհրդական Ահմեդ Քադդաֆ ադ-Դամը, որն ապրում է Եգիպտոսում:
Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները կարող են հայրենիք վերադառնալ առաջիկա 2 ամսվա ընթացքում, եթե կառավարական զորքերը վերահսկողություն սահմանեն իսլամիստների ձեռքում գտնվող խոշոր քաղաքների վրա: Այս հարցով բանակցություններ են տարվում երկրի ղեկավարության հետ:
«Մենք լավատեսորեն ենք տրամադրված. մի քանի ամիս հետո Լիբիայում խաղաղություն կլինի, և այդ ժամանակ մենք բոլորս միասին կվերադառնանք»,- ասել է Ահմեդ Քադդաֆ ադ-Դամը: Նա նաև նշել է, որ Քադաֆիի հարազատները պատրաստ են հաշտվել հակառակորդների հետ հանուն երկրի փրկության:
Մուամար Քադաֆիին ընդդիմությունը տապալել ու սպանել է 2011 թ.: Այդ ժամանակից երկրում իրավիճակն անկայուն է, ժարունակվում է իսլամիստների և կառավարական զորքերի զինված հակամարտությունը:








































