Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չորեքշաբթի երեկոյան կառավարությանը կոչ է արել համատեղ քննարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի իմպլեմենտացիայի համատեղ հարցը և ՆԱՏՕ-ի հետ մերձեցման միջոցառումների փաթեթը, ինչպես նաև դիմել է խորհրդարանին՝ իրեն արտակարգ ուղերձով հանդես գալու թույլտվություն տալու խնդրանքով: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Մարգվելաշվիլին աշխատանքային այցով գտնվում էր Ավստրիայում, սակայն ստիպված էր այցը ընդհատել՝ երկրում քաղաքական իրավիճակի պատճառով:
«Սահմանադրությամբ ինձ տրված լիազորությունների շրջանակներում ես կառավարությանը և խորհրդարանին կոչ եմ անում առաջիկա կառավարության նիստի ժամանակ քննարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի արդյունավետ իմպլեմենտացիայի գործընթացի և ՆԱՏՕ-ի հետ առկա փաթեթի հարցերը: Այդ հարցի քննարկմանը ներկա կլինեմ ես և Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը»,- ասել է Մարգվելաշվիլին:
«Երկրի խորհրդարանին նաև խնդրում եմ առաջիկա նիստի ժամանակ օրակարգում հաշվի առնել նախագահի արտակարգ ուղերձը խորհրդարանին և վրացական հասարակությանը»,- հավելել է նա:









































