Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 2015 թվականին կվերականգնի գազի արտահանումը Ռուսաստան՝ հայտնել է ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Աշխատանքները շարունակվում են, և, ըստ ամենայնի, գազի մատակարարումները կվերսկսվեն արդեն հաջորդ տարի»,-հայտնել է Աբդուլաևը լրագրողներին:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ընթացիկ տարվա օգոստոսին դադարեցրել է գազի մատակարարումները Ռուսաստան՝ կապված Բաքու-Գուբա-ռուսական սահման ավտոմոբիլային ճանապարհի մնացած մասի շինաշխատանքների և գազատրանսպորտային ենթակառուցվածքում տեխնիկական աշխատանքների հետ:
Դեպի Ռուսաստան ադրբեջանական գազի մատակարարումներն իրականացվում են Ադրբեջանի պետական նավթային ընկերության և «Գազպրոմի» միջև ադրբեջանական գազի առքուվաճառքի պայմանագրով, որը ստորագրվել է Բաքվում 2009-ի հոկտեմբերի 14-ին: Պայմանագիրը թույլ է տալիս դադարեցնել ու վերսկսել մատակարարումները ցանկացած ժամանակ:
Ադրբեջանը 2014-ի առաջին կեսին Ռուսաստան է արտահանել մոտ 100 մլն խորանարդ մետր գազ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 876 մլն խորանարդ մետրի դիմաց: Արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է եղել Ադրբեջանից Ռուսաստան տանող գազատարի վերանորոգման աշխատանքներով:









































