Երեկ ՀՀ ԿԸՀ-ում ավարտվեց ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը: Սակայն ընտրագրավի վճարման անդորրագրերը ԿԸՀ չեն ներկայացրել ութ թեկնածուներ, որոնցից մեկն է ՄԱԱ տնօրեն Նարինե Մկրտչյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա բացահայտեց, թե ինչ պայմանով կընդունի ընտրագրավն իր փոխարեն վճարելու առաջարկը:
Ըստ նախագահի թեկնածու Նարինե Մկրտչյանի՝ Ընտրական օրենսգրքում ունեցվածքային ցենզ սահմանել են քաղաքական նպատակներով՝ սահմանափակելու և սեփականաշնորհելու քաղաքական դաշտը: Ուստի, նրա համոզմամբ, ընտրագրավը երկաթյա վարագույր է քաղաքական հնարավոր այլընտրանքներից պաշտպանվելու համար, և այդ լծակն արդեն իսկ աշխատում է:
Նարինե Մկրտչյանը նշեց, որ հասարակությանը ներկայացրել է իր քաղաքական ուղենիշը, որը միտված է արմատական, լայնածավալ և խորքային փոփոխություններին: «Եթե հասարակության անդամներից որևէ մեկը շահագրգռված է այդ փոփոխությունների իրականացմամբ և պատրաստ է ներդրում անել դրանց մեջ, այսինքն՝ Հայաստանի՝ իմ ուրվագծած ապագայի մեջ, ապա ես, բնականաբար, կընդունեմ այն: Սա արևմտյան քաղաքակրթության գործող մեխանիզմներից է»,- նկատեց նախագահի թեկնածուն՝ շարունակելով, որ ընտրագրավին մասնակցելու՝ ի սրտե արված առաջարկներ եղել են շարքային քաղաքացիներից, բայց դրանք չի ընդունել մի քանի պատճառներով. նախ՝ մեխանիզմները բարդ են, և ժամանակ չկա դրանք գործի դնելու համար, և երկրորդ՝ այդ մարդիկ իրենք են ոչ դյուրին սոցիալական խնդիրների առջև կանգնած:
Նարինե Մկրտչյանը հստակեցրեց, որ ընտրագրավը վճարելու առաջարկը կընդունի, եթե տվյալ անձը կամ անձինք իր առաջարկած փոփոխություններն իրականացնելու կողմնակից են: Հարցին, թե ՀՀ նախագահի այլ թեկնածուներից ընտրագրավ կընդունի՞, պատասխանեց, որ դա լավ չի պատկերացնում. «Ի վերջո, նրանք իմ մրցակիցներն են, ես էլ, բնականաբար, իրենց. ինչո՞ւ պետք է նրանք մրցակցին ֆինանսավորեն, եթե չկան նախնական պայմանավորվածություններ»:










































