Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատությամբ է հանդես եկել Օբամայի հասցեին՝ Սիրիայում և Իրաքում ծայրահեղականների դեմ պայքարի նրա ռազմավարությունն անվանելով «աղետ»: Այս մասին հայտնում է The Hill-ը:
«Չափավոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման հաղթանակը Սիրիայի հյուսիսում անցած հանգստյան օրերին ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայիս ռազմավարությունն աղետ է»,- հայտարարել է Մաքքեյնը:
Սենատորը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի քաղաքականությունն օտարում է տեղի առանցքային դաշնակիցներին, իսկ նախագահական ռազմավարության դրույթների մեծ մասը հիմնվում են տեղի ուժերի վրա, որոնք ունակ են պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ:
«Սիրիայի չափավոր ընդդդիմադիր ուժերի աջակցության վերաբերյալ հռետորությունը չի համապատասխանել ամերիկյան ղեկավարության գործողություններին: Այդ ռազմավարության ձախողումը բարդացնում է կոալիցիոն հուսալի գործընկերների որոնումը, ինչպես նաև ավելացնում սիրիական բնակչության դժգոհությունը, ինչը ձեռնտու է մեր հակառակորդներին»,- հավելել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կողմից ֆինանսապես և տեխնիկապես աջակցվող երկու խմբեր հանձնվել են «Ջեբհաթ Ալ-Նուսրային»:








































