Մամուլում տեղեկություն է հայտնվել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, որը Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը ոչ հերքել է և ոչ էլ հաստատել: Այս ոչ հերքման և ոչ էլ հաստատման փաստն ինքնին, կամ, այսպես ասած, ինքնըստինքյան վկայում է, որ գործ ունենք իսկապես ժողովրդական շարժման ժողովրդական առաջնորդության մասին: Միայն նմանօրինակ օպերատիվ և թափանցիկ ժողովրդական շարժումներն են, որ կարող են Հայաստանի փրկություն ապահովել: Այսինքն՝ օպերատիվ և թափանցիկ իշխանությունների, ոչ թե ժողովրդի առաջ:
Սրա մասին է վկայում այն, որ շարժման առաջնորդներից մեկի կամ առաջնորդի մամուլի ծառայությունը հստակ տեղեկություն չի տրամադրում հանդիպման մասին լուր հրապարակած «Ժողովուրդ» թերթին՝ եղե՞լ է, ի վերջո, հանդիպում, թե՞ չի եղել: Սակայն հասարակությունը վաղուց գիտի, իհարկե, որ եթե որևէ տեղեկություն ոչ հերքվում է և ոչ հաստատվում, ուրեմն սա խոսում է հաստատման մասին, այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ հանդիպում եղել է:
Ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ կարող էին քննարկած լինել Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը: Այստեղ ամեն ինչ միաժամանակ և՛ պարզ է, և՛ պարզ չէ: Պարզ է այն առումով, որ Սարգսյանն ու Ծառուկյանը պետք է խոսեին, այսպես ասած, ներքաղաքական այս պայքարի մասին և, բնականաբար, ճշգրտեին պայքարի կանոններն ու սահմանները: Հարցը ցուցումներն ու հանձնարարականները չեն: Այսինքն՝ խնդիրը ինչ-որ սցենարի մշակումը կամ համաձայնեցումը չէ, այլ կողմերի միջև խաղի կանոնների համաձայնեցումը, թե ինչն է թույլատրվում, իսկ ինչը կհամարվի կանոնների խախտում և կարժանանա իշխանությունների համապատասխան վերաբերմունքի: Համապատասխան վերաբերմունքը, բնականաբար, ուժային արձագանքն է, թեև իհարկե չի բացառվում նաև արձագանքի այլ տարբերակ, որը ևս, ըստ էության, ուժային է, բայց, այսպես ասած, «բարձր ճշգրտության», այսինքն՝ կիրառվում է ոչ թե զանգվածների, այլ դրանց առաջնորդողների, տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի տնտեսական շահերի դեմ:
Մյուս կողմից պարզ չէ, թե Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումն ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել, կամ, այսպես ասած, ինչ մոտիվներով: Այսինքն՝ դեռևս հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ոչ մի բան այլևս չեն ներկայացնելու իշխանություններին և սպասելու են նրանց առաջարկներին կամ նախաձեռնություններին: Եվ այսպես հարց է առաջանում՝ ինչի՞ հետևից էր Ծառուկյանը գնացել Սարգսյանի հետ հանդիպման՝ առաջարկություններ ու նախաձեռնություններ ստանալո՞ւ, թե՞ պարզապես հրավիրել էին, նա էլ ներկայացել էր, ասենք, որպես Անվտանգության խորհրդի անդամ, որը ներկայանում է խորհրդի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին:
Այստեղ էլ ըստ էության հետաքրքիր վիճակ է ստացվում: Գագիկ Ծառուկյանն այս կառույցի անդամ է և, ըստ էության, Սերժ Սարգսյանի ենթական, առնվազն այս կառույցի շրջանակներում: ԲՀԿ-ի առաջնորդը չի հրաժարվում ԱԽ անդամությունից: Ըստ էության, հայկական պարադոքս է ստացվում՝ ԱԽ շրջանակներում Սերժ Սարգսյանի ենթական գլխավորում է նրա դեմ համաժողովրդական շարժումը: Համաշխարհային քաղաքագիտության մեջ սա կարող է անեկդոտ դիտվել, սակայն հայկական չափանիշներով սա քաղաքագիտական նոու-հաու է, որն իհարկե հասարակ մահկանացուներիս խելքի բանը չէ և հասու է միայն քաղաքականության և քաղաքագիտության գուրմանների խելքին ու քիմքին: Դա է պատճառը, որ հայկական պետականությունը և հայկական քաղաքականությունը միայն նրանց է համ տալիս, իսկ մնացյալ հասարակության համար, մեղմ ասած, անհամ է:











































