ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը բյուջեի նախագծի քննարկմանը հարց ուղղեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին. «Մահացած, զոհված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքների համար 500 միլիոն դրամ է հատկացվելու 53 ընտանիքների խնդիրները լուծելու համար: Այս գումարը ի՞նչ սկզբունքով է հաշվարկվել: Երկրորդ՝ Երևան համայնքի չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով 2 միլիարդ կհատկացվի, այս գումարը քանի՞ ընտանիքի համար է նախատեսված և ի՞նչ սկզբունքով է այդ հաշվարկն իրականացվում»:
Նարեկ Սարգսյանը նշեց, որ չորրորդ կարգի վթարային շենքերի քանակը մոտ 25 է, որից տասը՝ Երևան քաղաքում, 300-ից ավելի երրորդ կարգի շենքեր կան: Նախարարը նշեց, որ աշխատում են, որ ունենան խոշոր ներդրումային ծրագիր:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ անցած տարի Մարգարյան 37-ում հանձված շենքով ապահովվեց 226 ընտանիքների կարիքը: «Ընդհանուր առմամբ հարցի գինը կազմում է 5,6 միլիարդ դրամ՝ չորրորդ կարգի 9 շենքերի շուրջ 450 ընտանիքի համար»,- ասաց նա:
Ի դեպ, Գարեգին Նուշիկյանի առաջին հարցը մնաց անպատասխան:
Լուսանկարը` PAN Photo-ի











































