Գրեթե 600 կիթառահարներ հավաքվել են Հնդկաստանի արևելյան Դարջիլինգ քաղաքի հրապարակում և նվագել են Ջոն Լենոնի Imagine երգը` ի հիշատակ խմբակային բռնաբարության հետևանքով մահացած հնդիկ աղջկա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ այդ կերպ իրենք ցանկանում են կիսել աղջկա ծնողների ու հարազատների վիշտը և երկրին հույս ու խաղաղություն ոգեշնչել: Իսկ ընտրությունը կանգ է առել հենց այդ երգի վրա, որովհետև այն շատ ոգեշնչող է:
23-ամյա հնդկուհին հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 16-ին` Դելիում, ընկերոջ հետ ավտոբուսում լինելիս: Վեց հարբած տղամարդ ծեծել են աղջկան և նրա ընկերոջը, բռնաբարել են նրան, այդ թվում` նաև մետաղական ձողի միջոցով: Այնուհետև ավտոբուսի ընթացքի ժամանակ նրանց դուրս են նետել: Աղջկան ծայրահեղ վիճակում հասցրել են հիվանդանոց, որտեղ 13 օր անց նա մահացել է:
Հանցագործությունը առաջացրել է հանրության բողոքը: Մարդիկ դուրս էին եկել Դելիի փողոցներ՝ պահանջելով խստացնել բռնաբարության համար պատժամիջոցները, ապահովել կանանց անվտանգությունը և մահապատժի ենթարկել հանցագործության մասնակիցներին:
Բռնաբարության հինգ մասնակիցների դեմ դատավարությունը սկսվել է հունվարի 3-ին, վեցերորդի գործը առանձին է քննվելու, որովհետև նա անչափահաս է: Նրանց բոլորին մեղադրում են նաև մարդասպանության մեջ: Ավելի վաղ ավելի քան 2500 փաստաբաններ հրաժարվել էին դատարանում պաշտպանել աղջկան բռնաբարողներին ու սպանողներին:








































