Ռումինիայում անցկացվում են նախագահական ընտրություններ: Ներկայիս նախագահ Տրայան Բեսեսկուի իրավահաջորդին պետք է ընտրեն ձայնի իրավունք ունեցող հանրապետության 18.2 մլն քաղաքացիներ: Այս մասին գրում է TASS-ը:
18884 ընտրատեղամասերը բացվել են ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 08:00-ին) և կփակվեն 21:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին): Դրանցից 294-ը կազմակերպվել են արտասահմանում:
Նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու: Հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումները վկայում են, որ հիմնական պայքարը կծավալվի վարչապետ Վիկտոր Պոնտայի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) և Սիբիու քաղաքի քաղաքապետ, էթնիկ գերմանացի Կլաուս Յոհանիսի միջև (Ազգային-լիբերալ կուսակցություն):
Հաղթանակի համար անհրաժեշտ է հավաքել ձայների 50 տոկոսը: Հակառակ դեպքում նոյեմբերի 16-ին կանցկացվի 2-րդ փուլ, որին կմասնակցեն ձայների առավելագույն քանակ հավաքած երկու թեկնածուներ:









































