2012 թվականին աշխարհի 29 երկրում 141 լրագրող է զոհվել, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը,- ասվում է Շվեյցարիայում տեղակայված անկախ լրագրողական Press Emblem Campaign (PEC) կազմակերպության զեկույցում: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Կազմակերպության տվյալներով՝ 2011 թվականի համեմատ, զոհված լրագրողների թիվն ավելացել է 31 տոկոսով: ԶԼՄ-ների ամենաշատ աշխատակիցները՝ թվով 37-ը, զոհվել են Սիրիայում: Սիրիայից հետո լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն են Սոմալին, Մեքսիկան, Բրազիլիան և Հոնդուրասը:
Իրավապաշտպանները նշում են, որ 4 լրագրողներ անհետ կորել են, կամ նրանց առևանգել են:
Ավելի վաղ 2012-ին զոհված լրագրողների թվի մասին իրենց տվյալներն էին հրապարակել «Լրագրողների պաշտպանության կոմիտե» և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունները: Նրանց տեղեկություններով՝ 2012-ին աշխարհում զոհվել է համապատասխանաբար 67 և 88 լրագրող:









































