Գյումրու «Շիրակ»-ի հարձակվող Անդրանիկ Բարիկյանը նշեց, որ թիմի գլխավոր նպատակն ընդացիկ մրցաշրջանի չեմպիոն դառնալն է: 1in.am Sport`-ի հետ զրույցում ֆուտբոլիստն ասաց, որ թիմը չէր սպասում նման հաջողության.
«Առաջին անգամ գավաթը նվաճեցինք, մեր առաջին ձեռքբերումն այդ էր 2012 թվականին: Հիմա առաջին տեղում ենք և ցանկանում ենք անպայման չեմպիոն դառնալ: 12 տարի խաղում եմ բարձրագույն խմբում չեմպիոն չեմ եղել: Չէի եղել նաև գավաթակիր: Դա մեծ ձեռքբերում է մեզ համար:
Չէի սպասում, որ առաջին տեղով կավարտեինք տարին: Տա Աստված, որ առաջին տեղում էլ ավարտենք մրցաշրջանը: Ցանկանում էինք մրցանակային տեղերի համար պայքարել, սակայն ամեն ինչ ավելի լավ դասավորվեց: Բոլոր խաղերն էլ բարդ էին, սակայն «Միկա»-ի նկատմամբ գավաթային խաղում հաղթանակը ամենաբարդն էր:
Մեր գլխավոր նպատակը չեմպիոն դառնալն է: Ցանկանում ենք նաև լավ խաղալ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում:
Ամանորը տանն եմ անցկացնելու, ընտանիքիս հետ: Ցանկանում եմ ամենալավ բաները: Հաջողություն և առողջություն եմ ցանկանում, և լիքը փող: Մեր Հայաստանի հավաքականին տեսնենք Աշխարհի խաղերում:







































