2013-ին շատ ծանր տարի է սպասվում անասնաբուծության համար: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, անասնակերերի խիստ պակաս ունենք, ինչը գարնանը կբերի անասունների մասսայական մորթի:
«Անասնակերը սակավ է, հիմա արդեն կուտակվածը վերջանալու վրա է, և գարնանը անկում կլինի անասունների»,- ասաց Բերբերյանը:
Նրա խոսքերով՝ կարտոֆիլի գներն արդեն սկսել են բարձրանալ, «Սիթի» խանութների ցանցում այսօր արդեն կիլոգրամն արժի 260 դրամ, թեև կա նաև 170 դրամով, բայց անորակ է: Ըստ Բերբերյանի՝ կարտոֆիլի վիճակը, կախված բնակլիմայական պայմաններից, ծանր է եղել, հատկապես՝ Շիրակի գոտում: 2012-ին Արարատյան դաշտավայրում մորմազգիների ցեցը մեծ վնաս է տվել կարտոֆիլին, և «դրա դեմը դեռ չենք առել և շատ հրատապ միջոցառումներ են պետք՝ դրա դեմ պայքարելու համար»:











































