ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ կուսակցության համար պայմանական է ընդդիմադիր կամ այլընտրանքային համարվելը, և եթե նույնիսկ ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն լինելու մասին, դրանից կուսակցության գործողությունները չեն փոխվելու:
Միգուցե հենց ԲՀԿ-ականի նման հայտարարությունից հետո հասարակությունում դադարի այն կեղծ դիսկուրսը, որ թելադրվում է հիմնականում քարոզչական դաշտում, և որը օգտագործվում է հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու համար:
Խնդիրն այն է, որ ընդդիմադիր կամ այլընտրանք հասկացությունները հասցվել են չափանիշի, չափորոշիչի մակարդակի, ինչպես օրինակ՝ իշխանափոխություն բառը: Մանիպուլյացիաները արվում են որպես հակառակ արգումենտացիա այն տեսակետների, ըստ որի՝ ԲՀԿ-ն չի կարող իրական ընդդիմություն լինել Հայաստանի ներկայիս իշխող համակարգին, քանզի համակարգի մի մասն է, և ԲՀԿ-ի, այսպես ասած, ռեսուրսներն ու ուժն էլ գալիս են այդ համակարգի մասը լինելուց, համակարգից ծնված և սերված լինելուց:
Սրան ի հակառակ՝ բերվում են իբր թե փաստարկներ, որ ԲՀԿ-ն այսքան անգամ ասել է, որ իշխանափոխություն է պահանջում, այնքան անգամ ասել է, որ ընդդիմություն է կամ ընդդիմադիր և այլն: Իրականում սրանք ոչ մի կապ չունեն բուն դիսկուրսի հետ, որը փոխարինվում է ատրիբուտիկայի շուրջ մանիպուլյացիաներով:
Չունենալով «Բարգավաճ Հայաստանին» իշխանական համակարգից իսկապես կտրած լինելու վկայություն և արգումենտացիաներ՝ «քաղաքագիտության» հետևորդները հայտարարում են, թե ԲՀԿ-ն, օրինակ, կոալիցիա չի մտել և ուրեմն համակարգից կտրվել է: Եթե ԲՀԿ-ն կտրված լիներ համակարգից, ապա Գագիկ Ծառուկյանն այսօր ոչ թե ժողովրդական շարժման շտաբներ բացելու համար գումարներ կծախսեր, այլ կմտածեր «պետության առաջ հարկային պարտավորությունների չկատարման» մասին, ինչպես Խաչատուր Սուքիասյանին ստիպեցին մտածել, երբ նա 2008 թվականին իսկապես կտրվեց համակարգից: Ըստ որում, Սուքիասյանն ընդամենը միացել էր շարժմանը, ոչ թե գլխավորում էր շարժումը կամ դրա առաջնորդն ու խարիզմատիկ մագնիսն էր: Եվ եթե Սուքիասյանի հետ այդպես վարվեցին, ապա ինչպե՞ս կվարվեն Գագիկ Ծառուկյանի հետ, եթե նա իրապես կտրվի համակարգից:
Ընդդիմություն, իշխանափոխություն, կոալիցիա. այդ հասկացությունները Հայաստանում պայմանականություններ են, փաթեթավորում: Իսկ փաթեթավորումը կարող է հակառակ էլ լինել, այսինքն՝ կարող է լինել հակառակ փաթեթավորում, և եթե համակարգի շահերը պահանջում են, եթե համակարգը ավելի պաշտպանված, իսկ հասարակությունը մանիպուլյացիայի ավելի ենթակա կլինի ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու դեպքում, ապա ինչո՞ւ կոալիցիա մտցնել ԲՀԿ-ին: Ի՞նչ է կորցրել ԲՀԿ-ն կոալիցիա չմտնելով: Պաշտոննե՞ր: Հայաստանի իշխող համակարգում դերակատարումն ու կշիռը պաշտոնները չեն որոշում, այլ կապիտալը, բիզնեսի տիրույթները: ԲՀԿ-ն կոալիցիա չմտնելով՝ որևէ տիրույթ կորցրե՞լ է: Ոչ: Ավելին՝ նույնիսկ ձեռք է բերել նոր մենաշնորհ՝ Երևանի մերձակայքում կազինոների մենաշնորհը, քանի որ բոլորին հեռացրին, իսկ Ծառուկյանի համար հատուկ բացառություն սահմանեցին:
Այս ամենում, սակայն, կա մի շատ կարևոր նրբերանգ, որ ընդդիմություն-այլընտրանք դիսկուրսում ունի առանցքային իմաստ և նշանակություն: Ինչո՞ւ է ԲՀԿ-ն հենց ինքը խոստովանում, որ այդ հասկացությունները պայմանական են:
Եթե ուշադրություն եք դարձրել, ԲՀԿ-ն ինքը երբեք չի փորձում ընդդիմադիր երևալ, ավելին՝ նույնիսկ իր ընդդիմության թեմայով մանիպուլյացիաների գլխին է սառը ջուր լցնում, օրինակ՝ Ստեփան Մարգարյանի նման հայտարարություններով: Որովհետև ԲՀԿ-ին ընդդիմություն ներկայացնելն իրականում հարվածում է հենց ԲՀԿ-ի պլաններին, քանի որ ակնհայտ է, որ այս ուժի համար խնդիրը իշխող համակարգի ծանրության նժարն իր կողմը թեքելն է, իսկ դրա համար ԲՀԿ-ն պետք է չներկայանա որպես ընդդիմություն, որ ավելի խրտնեցնի և վախեցնի, վանի համակարգի ներկայացուցիչներին, տարբեր սեկտորներին:
ԲՀԿ-ն պետք է ներկայանա յուրային, որովհետև միայն այդ դեպքում նա հույս ունի ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի հետ մրցակցությունում շահել «հանդիսատեսի», տվյալ դեպքում՝ քրեաօլիգարխիկ բուրգի համակրանքը:









































