ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ ոչ իշխանական եռյակի օրակարգային առանցքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Սակայն այս առանցքը, այսպես ասած, միանշանակ չէ, որովհետև եռյակը իշխանություններին սպառնում է այս հարցը բարձրացնել միայն այն դեպքում, եթե իշխանությունները չկատարեն ներկայացված պահանջները՝ 12 կետերը և սահմանադրական բարեփոխումները չեղյալ անելու հարցը:
Սա շատ հետաքրքրական մոտեցում է: Այսինքն՝ ստացվում է, որ եռյակի համար այդ 12 կետերը ավելի կարևոր են, քան խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնք ըստ էության հենց կհանդիսանան իշխանափոխություն, և սույնով կկատարվի Հայաստանի փրկության եռյակի հռչակած նպատակների գոնե շատ կարևոր կեսը: Մինչդեռ սրա փոխարեն եռյակը իշխանություններին առաջարկում է 12 կետեր և սահմանադրական բարեփոխումներից հրաժարում:
Խորհրդարանը Հայաստանում ամբողջ իշխանությունը չէ, սակայն ոչ մի կասկած չկա, որ նախագահական իշխանությունը վերցնելու համար շատ կարևոր է խորհրդարանական մեծամասնությունը վերցնելը, հատկապես այն դեպքում, երբ 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներով խորհրդարանի դերը շոշափելիորեն մեծացել է:
Այսպիսով՝ արձանագրում ենք այն, որ իշխանափոխություն հասկացությունը եռյակի համար փաստորեն ընդամենը գործարքային միավոր է, ոչ թե միանշանակ նպատակ: Համենայնդեպս, տարօրինակ է, որ կարմիր գծերն ու արագաչափերը, «Որոտանի Կասկադը» ամերիկյան ընկերությունից խլելը, «Նաիրիտի», այսպես ասած, իրավիճակի քննությունը և նման մի շարք հարցեր կարող են ավելի կարևոր դիտվել խորհրդարանական ընտրություններից, երբ եռյակը կարող է դառնալ խորհրդարանական մեծամասնություն, և հենց ինքն էլ կարող է կատարել իր 12 պահանջները:
Ուրեմն ինչո՞ւ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գաղափարը ըստ էության շանտաժի միջոց ծառայում անկասկած ավելի պակաս կարգավիճակ ունեցող հարցերի համար: Այստեղ է խնդիրը, և այստեղ է, որ ամբողջությամբ դրսևորվում է համաժողովրդական հռչակված շարժման էությունը՝ ցույց տալով, որ այդ շարժման մեջ ժողովրդական ոչինչ չկա, և տեղի է ունենում հստակ ներհամակարգային բախում և հարաբերությունների պարզաբանում:
Խնդիրն այն է, որ 12 կետերը հենց համակարգի ներքին հարաբերությունների խնդիրներ են, ներքին ստատուս քվոյի հետ կապված հարցեր: Եվ եթե դրանք գերակայվում են արտահերթ ընտրություններին, այսինքն՝ ասվում է, որ 12 կետերի կատարման դեպքում արտահերթի պահանջ չի լինի, ապա սա նշանակում է, որ գերակա են ներհամակարգային հարցերը, ոչ թե ժողովրդական և ժողովրդավարական, այսինքն՝ իշխանության գոնե օրենսդիր մարմնի լեգիտիմության հարցերը:
Խնդիրն այն է, որ մի բան է ներհամակարգային իրավիճակի փոփոխության արտահերթ ընտրությունների ճանապարհը, մեկ այլ տարբերակ՝ «12 կետանոց» ճանապարհը: Որովհետև ընտրությունները, ինչքան էլ որ կեղծվում են, ինչքան էլ որ տեղի են ունենում անօրինականություններով, այնուհանդերձ՝ պայքարի, այսպես ասած, առավելագույն հրապարակայնություն են պահանջում, հետևաբար նաև հանրային առավել մեծ մասնակցություն ենթադրում՝ թեկուզ ֆորմալ տեսանկյունից, սակայն, այնուամենայնիվ, առաջ են բերում հասարակական հաշվետվողականության խնդիր:
Ասել կուզի՝ հասարակությունն այս դեպքում ստանում է պրոցեսներում քիչ թե շատ սուբյեկտ լինելու հնարավորություն: Իսկ քանի որ ներքաղաքական խաղի խնդիրը ներհամակարգային հարաբերություններն են, և դրանք են վճռորոշը ուժերի դասավորության և հարաբերակցության առումով, այդ խաղի մասնակիցները չեն ցանկանում մինչև ներքին հարաբերություններում գերակա դիրք դուրս գալը հասարակությանը սուբյեկտություն հաղորդել՝ թեկուզ ֆորմալ իմաստով:
Լուսանկարը՝ Photolure-ի









































