«Ամեն ինչ ներառված է» հյուրանոցները ոչ միայն ապրելավայր են, այլև վայր, որտեղ կա ամեն ինչ՝ բավարարելու զբոսաշրջիկի ցանկությունները:
Այդպիսի հյուրանոցներում ճանապարհորդը կարող է իրեն թույլ տալ, օրինակ, շքեղ սպա, կամ ստանալ խոհարարական վարպետության դասեր:
RBK-style-ը կազմել է աշխարհի 10 լավագույն հյուրանոցների ու հանգստավայրերի վարկանիշային աղյուսակը:
Ցուցակի առաջատարներից է Ալյասկայի Camp Denali հանգստավայրը, որը գտնվում է Դենալի ազգային պարկում՝ զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկում:
Camp Denali-ի այցելուները կարող են կանգ առնել գերաններով սարքած փայտե տնակներից մեկում կամ տեղավորվել ժամանակակից համարներում. ամեն ինչ կախված է միայն զբոսաշրջիկի ցանկությունից:

Մեկ այլ հրաշալի հյուրանոց է Դոմինիկյան Հանրապետության Լա Ռոմանա քաղաքում գտնվող հյուրանոցը: Casa de Campo-ն գոլֆի 3 մեծ դաշտերով, իսկական դրախտ է այս սպորտաձևով հետաքրքրվողների համար: Այցելուներին առաջարկվում է շքեղ սպա կենտրոն, մի քանի լողավազան, լողափ և այլն:

Jumby Bay հանգստավայրը գտնվում է Անտիգուայում՝ 122 հա տարածքով մասնավոր կղզում: Այս կղզում կարող են հայտնվել միայն Jumby Bay-ի հաճախորդները:
«Ամեն ինչ ներառված է» փաթեթում ներառված են՝ սնունդ, ջրային մարզաձևեր, կինոթատրոն բաց երկնքի տակ, խորոված լողափին, վարձով հեծանիվներ:

Ավստրալիայում գտնվող Kingsford Homestead հյուրանոցը հատուկ նրանց համար է, ովքեր չեն սիրում աղմկոտ ընկերախումբ: Շուրջ 91 հեկտար տարածությունում միաժամանակ կարող է հանգստանալ 14-ից ոչ ավելի մարդ: Գյուղական բնակավայրում տեղակայված հյուրանոցում ձեզ կկերակրեն տեղական մթերքներով, ավստրալացի գինեգործների լավագույն գինիները կհյուրասիրեն:

Palm Island Resort-ը գտնվում է Սեն Վինսենտ և Գրենադինա պետության տարածքում: Դա Կարիբյան ծովի կղզիներից մեկում է: Հյուրանոցի 43 համարների այցելուները կարող են այցելել կրիաների արգելով, խաղալ թենիսի կորտերում, վարձույթով հեծանիվ վերցնել, հանգստանալ լողափին, վայելել արևադարձային դրախտի բարիքները:

Տասմանիայի Saffire Freycinet հյուրանոցը հատուկ համադամասերների համար է. այստեղ ձեզ հյուրասիրեն նրբահամ խորտիկներ ու գինի, կանցկացնեն խոհարարական վարպետության դասեր, ձեր տրամադրության տակ կլինի մինի բարը: Ցանկացողների համար կանցկացվեն հրաձգության դասեր, այցելություններ տեսարժան վայրեր:

Կարիբյան Սենտ Ջորջ քաղաքում՝ Spice Island Beach Resort հագստավայրում, այցելուները հանգստանում են՝ պառկած հրաշալի լողափերում: Հոգնելու դեպքում նրանց տրամադրության տակ են Spice Island-ի 64 շքեղ հյուրանոցային համարները: Ճաշել հնարավոր է լողափի տեսարանով ռեստորանում:

Կարիբյան ծովում՝ Սենտ Լյուսիա կղզային պետությունում է գտնվում The Body Holiday հրաշալի հյուրանոցը, որտեղ հոգ են տանում իրենց այցելուների առողջության մասին: The Body Holiday+ի այցելուներին առաջարկվում է զբաղվել ջրային մարզաձևերով, նետաձգությամբ, գոլֆով, թենիսով, ֆիթնեսով, իսկ հոգնելու դեպքում կարող եք հանգստանալ հյուրանոցին կից սպա կենտրոնում:

Singular Patagonia հյուրանոցը գտնվում է Պատագոնիայի չիլիական հատվածում:
2011թ. բացված հաստատությունը առաջարկում է տարբեր ծառայություններ՝ լեռնային տուրիզմ, լող նավակներով, ուղևորություններ ձիերով Տորես դել Պայնե ազգային պարկում, որը գտնվում է հյուրանոցի հարևանությամբ:

Մեքսիկայի Կինտանա Ռոո նահանգում Viceroy Riviera Maya-ն ռոմանտիկայի սիրահարների համար է. հրաշալի ռեստորան լողափի տեսարանով, համարներում մետաքսե սավաններով մահճակալներ: Զբոսաշրջիկները կարող են նաև զովանալ ծովահայաց տեսարանով և հանգստանալ սպիտակ ավազով լողափերում:










































