ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները հրապարակել են տեսանյութ, որում պատանդված բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին պատմում է, որ սիրիական Քոբանի քաղաքը գտնվում է զինյալների վերահսկողության տակ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Տեսանյութում Քենթլին հանգիստ ձայնով պատմում է, որ ԴԱԻՇ-ի ուժերը գտնվում են Քոբանիի կենտրոնում և լիովին վերահսկում քաղաքի արևելյան և հարավային հատվածները:
«Քոբանիի համար մարտն արդեն ավարտվում է: Մոջահեդները մաքրում են փողոց փողոցի հետևից, շենք շենքի հետևից»,- ասում է բրիտանացի լրագրողը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրդերը ԴԱԻՇ-ի զինյալներին դուրս են մղել Քոբանիի մի քանի շրջաններից:









































