2013-ը պետք է գործողությունների տարի լինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը:
Վերջինս հիշեց հայտնի ասացվածքը՝ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է, ուստի եթե հասարակությունն այսօր դժգոհ է իր վիճակից, պետք է ոչ թե ապավինի մեկ ուրիշի ուժերին, այլ ինքը մտածի իր փրկության մասին:
«Քանի դեռ մեզանում ամեն մեկը իր չափով չի մտածում, որանհրաժեշտ է փոփոխություն, ոչ մի փոփոխություն էլ չի լինի մեր կյանքում,և մենք կունենանք այն, ինչ ունենք այսօր, երբ բոլոր կողմերը միահամուռ հանգեցին մի տխուր եզրակացության՝Հայաստանում քաղաքական անապատացում տեղի ունեցավ»,- նշեց դրամատուրգը:
Նրա խոսքով՝ եթե հասարակության 10-12 %-ն է միայն ակտիվ գեներատոր, իսկ մնացած մասը հետևողի կարգավիճակում է, ապա կունենանք ոչ թե նախագահական ընտրություններ, այլ նախագահական տոներ:
Ուստի դրամատուրգ Կարինե Խոդիկյանը մաղթեց, որ 2013-ը լինի գործողությունների տարի: Նա ցանկացավ, որպեսզի յուրաքանչյուրիս պարտադրված կյանքին համբերություն ավելանա, իմաստուն համբերություն և երջանկություն ամեն մեկի ընտանիքում.
«Եթե երկրում երջանիկ է ընտանիքը, նույնչափ երջանիկ է երկիրը: Գուցե հասել ենք այն սահմանագծին, երբ ինչպես անապատից դուրս, այնպես էլ անապատում գտնվողները պետք է հասկանան, որ այս կերպ, այս ռազմավարությամբ 21-րդ դարին արժանի երկիր չի ստեղծվում»:









































