ԱՄՆ ազգային արխիվը այսօր այցելուների ուշադրությանն է ներկայացրել նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից ստորագրված Ստրուկների ազատման հռչակագրի բնօրինակը: Պատմական փաստաթուղթը հանրությանը կցուցադրվի մինչև հունվարի 1-ը ներառյալ, այդ թվում` ամանորյա գիշերը, այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ցուցադրությունը նվիրված է հռչակագրի ստորագրման 150-ամյակին:
Ազգային արխիվի աշխատակիցները բացատրել են, որ փաստաթղթի ցուցադրությունը կտևի ընդամենը 3 օր, քանի որ այն չի կարելի երկար ժամանակ լույսի տակ թողնել: Նրանց խոսքով՝ հունվարի 1-ին առաջին 100 այցելուի համար կկազմակերպվի հռչակագրի ընթերցում:
ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը երկրի պատմության մեջ առանձնանում է որպես Հանրապետական կուսակցության համահիմնադիր: Նա այդ կուսակցությունից երկրի առաջին նախագահն է: Նրա օրոք է կառուցվել միջմայրցամաքային երկաթուղին, իրականացվել են կարևոր բարեփոխումներ: Նա կանխել է քաղաքացիական պատերազմի ժամանակ երկիրը Հյուսիսի և Հարավի միջև պառակտումը: Լինքոլնի ամենակարևոր բարեփոխումը, սակայն, ստրկության լիարժեք վերացումն էր:
Լինքոլնը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ստրկության վերացման մասին օրենքի ընդունմանն է հասել 1862 թ. հունիսի 19-ին, իսկ 1863 թ. հունվարի 1-ին հրապարակել է Ստրուկների ազատման հռչակագիրը, որով Հյուսիսի բանակին կոչ էր արվում ազատել ստրուկներին:









































