Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի զանգվածային ակցիային՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել համացանցից օգտվելու համար հարկ ներմուծելու ծրագրերից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ազատեք Հունգարիան» գոչելով՝ ցուցարարները երթով հասել են իշխող «Ֆիդեշ» կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ: Չնայած ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ներկայությանը՝ բողոքողներից ոմանք շենքի ուղղությամբ նետել են համակարգչային հին մասեր:
Կառավարությունը հարկի ներմուծումը հիմնավորում է նրանով, որ համացանցի միջոցով զանգեր կատարելով՝ մարդիկ խուսափում են հեռախոսավարձ վճարելուց:
Օրինագծի քննադատները կարծում են, որ այն ուղղված է համացանցում ընդդիմության ակտիվության կրճատմանը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին շատերը մեղադրում են աճող ավտորիտարիզմի մեջ, ընդ որում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:













































