Քրդական ինքնապաշտպանական ուժերը կիրակի դուրս են մղել ԴԱԻՇ-ի զինյալներին Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Քոբանի քաղաքից:
Ինչպես փոխանցում է «Ալ-Մայադին » հեռուստաալիքը, մոջահեդներն ընկրկել են և գտնվում են քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Հյուսիսային ծայրամասում հաստատվելու և Քոբանին Թուրքիայի սահմանի հետ հսկիչ անցակետից կտրելու փորձերը չեն հաջողվել:
Քրդերը հակահարձակման էին անցել շաբաթ և վերահսկողություն սահմանել երեք ռազմավարական բարձունքների նկատմամբ, որտեղից քաղաքի վրա կրակ էր արձակվում:
Ականատեսների փոխանցմամբ՝ Քոբանիից հյուսիս-արևելք գտնվող Սուկ-Ալ-Հալ շրջանում մարտերի ժամանակ սպանվել և վիրավորվել է ավելի քան 50 մոջահեդ: Մի քանի տասնյակը պատանդվել են:
Պաշարման 40 օրերին ԴԱԻՇ-ը կորցրել է 481 զինյալ, իսկ ինքնապաշպանական ուժերը՝ 313 քուրդ: Բնակիչների մեծ մասը՝ ավելի քան 200 հազարը, փախել են Թուրքիա:









































