2012թ. ընթացքում բնապահպանական խնդիրները պահպանվեցին. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպան, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը՝ ամփոփելով տարին:
Բնապահպանն արձանագրեց, որ 2012թ. ընթացքում, ինչպես նախորդ տարիներին, բնապահպանական խնդիրները նույնը մնացին, բնապահպանության նախարարությունը ոչինչ չարեց, իսկ ոլորտի հաջողությունները միայն բնապահպանական ակտիվիստների, բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ահազանգերի շնորհիվ էին:
Ըստ նրա՝ իրականում բնապահպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոնք տարվա ընթացքում կարող էին լուծում ստանալ բնապահպանության նախարարության հետևողականության արդյունքում, բայց չստացվեց:
«Նրանք կարող էին հայտնաբերել լուրջ խնդիրներ, մինչդեռ հայտնաբերել են ընդամենը բնապահպանական նորմերի խախտումներ, ինչպիսիք են՝ երկու ծառ կտրելը և նման բաները: Իսկ այն, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերն անխնա օգտագործում են՝ առանց հաշվարկելու, առանց վերահսկողության, ոչ մեկի չի հետաքրքրում»,- ասաց Լևոն Գալստյանը:
Նա փաստեց, որ այս տարի ևս ահազանգող են հանքարդյունաբերության վիճակը, ջրային պաշարների՝ Սևանա լճի հարցը, փոքր ՀԷԿ-երի, անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների խնդիրները:
Նրա խոսքով՝ 2013-ին բնապահպանական ակտիվիստները, նախաձեռնությունները պետք է շարունակեն իրենց աշխատանքները՝ ոլորտում խնդիրները լուծելու համար:









































