«2012-ը քաղաքական առումով կորսված տարի էր, կարելի էր իսկապես բարեփոխումների սկիզբը դնել: Անհրաժեշտ էր ձևավորել այնպիսի խորհրդարան, որը կհամապատասխաներ հասարակության տրամադրություններին և կունենար այնպիսի պատգամավորներ, որոնք զերծ կլինեին արատավոր պրակտիկայից և կկարողանային սկսել այդ բարեփոխումները և լավ ավարտի հասցնել դրանք»,- ամփոփելով 2012 թվականը` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
«Ցավոք սրտի, այդպիսի խորհրդարան չունեցանք, և ևս մեկ անգամ կեղծիքներ գրանցվեցին՝ ուռճացված ընտրացուցակների և ընտրակաշառքների, վարչական լծակների օգտագործմամբ:
Միակ դրականն այն էր, որ հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցները փոքր-ինչ հավասարակշռված աշխատեցին»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը ակնկալում է, որ 2013 թվականին նորմալ նախագահական ընտրություններ անցկացվեն՝ ազատ և արդար. «Ցանկանում եմ, որ այնպիսի նախագահ ընտրվի, որը կվայելի հասարակության վստահությունը: Նոր նախագահը անպայման պետք է սկսի այն բարեփոխումները, որոնք ժամ առաջ մեզ անհրաժեշտ են»:
Ա. Մարտիրոսյանն ասաց, որ փոփոխությունների հասնելու համար մեր հասարակությունը պետք է նաև պայքարի, որովհետև առանց պայքարի հնարավոր չէ որևէ բան փոխել. «Եթե ճանապարհ չես գնում, ապա քո նպատակին չես հասնի, կանգնած տեղում առաջ չես գնա, ուստի նպատակին հասնելու համար պետք է պայքարել:
Ժողովրդին մաղթում եմ խիղճ և միտք ունեցող իշխանություն, որ կարողանա մեր հայրենակիցներին օգնել, հավատարիմ մնալ արմատներին և հիշել, որ իրենք են այս երկրի տերը և ոչ թե ուրիշները` տիրոջ նման պայքարեն իրենց իրավունքների համար»:









































