Սիրիայի ազգային կոալիցիան, որը ներկայացնում է սիրիական միացյալ ընդդիմությունը, հրաժարվել է ռուսական իշխանությունների առաջարկից` մեկնել Մոսկվա` մասնակցելու սիրիական հակամարտության հարցով բանակցություններին: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել է կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը:
Նա նշել է, որ սիրիական կոալիցիան բաց է բանակցությունների համար, սակայն նրանք Ռուսաստան չեն գնա` հավելելով, որ Մոսկվան խստորեն պետք է դատապարտի սիրիական ռեժիմի հանցագործությունները:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին հայտարարել էր, որ ռուսական իշխանությունները կապ են հաստատել սիրիական կոալիցիայի ներկայացուցիչների հետ Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատան միջոցով: Լավրովը նաև նշել էր, որ Մոսկվան Բաշար Ասադի վարչակարգին կոչ է անում ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ:
Ռուսաստանը մինչ այսօր կտրուկ քննադատություններով է հանդես եկել արաբական երկրների կողմից 2012թ.-ի նոյեմբերին կազմավորված սիրիական կոալիցիայի ճանաչմանը:
Ասադի վարչակարգի ներկայացուցիչները ևս հրավիրված են տվյալ բանակցություններին, որոնք Մոսկվա են ժամանել դեկտեմբերի 27-ին: Պատվիրակությունը գլխավորում է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկլադը: Դեկտեմբերի 29-ին Մոսկվա է ժամանելու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:
Սիրիական հակամարտության կարգավորման նոր պլանով` Ասադին առաջարկվում է իշխանության ղեկին մնալ մինչև 2014թ.-ը, սակայն` նոր նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունք չունենալով: Երկրում զուգահեռաբար կստեղծվի անցումային կառավարություն, որտեղ չեն լինի ոչ ալավիտներ և ոչ էլ արմատական սուննիներ: Այս պլանը հավանության է արժանացել Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից:
Բաշար Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները, որոնք վերաճել են քաղաքացիական պատերազմի, շարունակվում են 2011 թ.-ի մարտից, որի ընթացքում զոհվել է 20-44 հազար մարդ:









































