Ամբողջ աշխարհով մեկ ակտիվացվել iOS և Android հարթակներով ավելի քան 17.4 միլիոն սմարթֆոններ և պլանշետներ են կաթոլիկ Սուրբ Ծնունդի օրը՝ դեկտեմբերի 25-ին, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա հաշվարկով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Flurry վերլուծաբանական ընկերության տվյալները:
Վերլուծաբանների տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գլոբալ առումով ակտիվացվել է օրական միջինը 4 միլիոն սմարթֆոն և պլանշետ: Սակայն դեկտեմբերի 25-ին այս թիվը մեծացել է չորս անգամ՝ մինչև 17.4 միլիոն սարք: Ընդ որում, Սուրբ Ծնունդին ակտիվացված սարքերի միայն 49% են կազմել սմաթրֆոններ:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011 թ. դեկտեմբերի 25-ին, երբ օգտատերերն ակտիվացրել էին 6.8 միլիոն սմարթֆոն և պլանշետ:
Սմաթֆոնների և պլանշետների ակտիվացման թվի աճը չէր կարող չազդել այս սարքերի համար հավելվածների ներբեռնման ակտիվացման վրա: Flurry-ի տվյալների համաձայն՝ եթե դեկտեմբերի 1-20-ը iOS-ի և Android-ի օգտատերերն օրական ներբեռնել են միջինը 155 միլիոն հավելված, ապա դեկտեմբերի 25-ին այդ թիվը կազմել է մինչև 328 միլիոն:
Տվյալ ցուցանիշի համաձայն՝ այս Սուրբ Ծնունդին հաստատվել է նաև պատմական ռեկորդ: Flurry-ի վերլուծաբանները կարծում են, որ հավելվածներ ներբեռնելու բարձր ակտիվությունը կպահպանվի ամբողջ շաբաթվա ընթացքում և իր գագաթնակետին կհասնի հունվարի 1-ին:








































