News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի բնակիչները նախատոնական օրերին իրենց ամանորյա երազանքների մասին գրություններ են թողնում Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի Facebook-յան էջին՝ հույս ունենալով, որ դա կօգնի իրենց ի կատար ածել դրանք:
Քաղաքացիների երազանքները տարբեր են՝ սկսած ֆինանսական խնդիրների (ասենք, 50,000 դոլար՝ իրենց մերձավորի վիրահատության համար) լուծումից և վերջացրած կոնկրետ նվերներով (օրինակ հեծանիվ՝ որբ եղբայրների համար):
Հիվանդանոցներից մեկի երեխաները Բիձինա Իվանիշվիլիին դիմել են «Հարգարժան Ձմեռ պապ» արտահայտությամբ՝ խնդրելով, որ նա նպաստի իրենց հիվանդանոցում Wi-Fi-ի հայտնվելուն, ինչպես նաև, որ Ամանորին իրենց այցելի վարչապետի որդին, ռեփեր Բերա Իվանիշվիլին:
Մի շարք քաղաքացիներ էլ Իվանիշվիլիից խնդրել են աջակցել հասարակական վայրերում ծխելու արգելքին, բնական գազի սպառման սակագների նվազեցմանը, ենթակառույցների բարելավմանը, աշխատավարձերի ավելացմանը և այլն:
Հիշեցնենք, որ ամերիկյան Forbes պարբերականի վերջին տվյալներով՝ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը կազմում է 6.4 միլիարդ դոլար: Ի դեպ, նա՝ որպես Վրաստանի վարչապետ, արդեն իսկ հայտարարագրել է այդ ունեցվածքը, հայտարարագիրը բաղկացած է 30 էջից:









































