Ամերիկյան համացանցային խանութներում միևնույն ապրանքի գինը կարող է տարբեր լինել՝ կախված գնորդի անձնական տվյալներից: Այս մասին պնդում է The Wall StreetJournal-ի անցկացրած հետազոտությունը:
IP-հասցեի միջոցով իմանալով հաճախորդի գտնվելու վայրը և ստանալով նրա բրաուզերի պատմությունը և այլ տվյալներ՝ խանութները որոշում են, թե ինչքան թանկ կարող են վաճառել իրենց ապրանքները, ընդ որում, երբեմն գնի տարբերությունը կարող է հասնել տասնյակ տոկոսների:
WSJ թղթակիցները, վերլուծելով համացանցում առկա տասնյակ խոշոր խանութների ցանցեր, պարզել են, որ ապրանքների գնագոյացման վրա կարող է ազդել գնորդի մասին ցանկացած տեղեկատվություն: Մեծամասամբ արժեքի փոփոխության վրա ազդում է համակարգչի գտնվելու վայրը: Հաշվի է առնվում ոչ միայն այդ թաղամասի բարեկեցության միջին մակարդակը, այլ նաև, թե որքան հեռու է տեղակայված խանութը կամ նույնիսկ մրցակից խանութն այդ հասցեից: Օրինակ՝ Staples.com կայքը միևնույն ապրանքն ավելի բարձր գնով վաճառում է Բրոնքսի կամ Մանհեթենի նյույորքցիների համար, քան Բրուկլինի կամ Քվինսի:
Նման հնարքի դիմում են հիմնականում խոշոր առևտրի ցանցերը, ինչպիսիք են, օրինակ, Staple-ը, Home Depot-ը, Discover Financial Service-ը և Rosetta Stone-ը:









































