Եգիպտոսի գլխավոր դատախազ Տալաաթ Իբրահիմը կարգադրել է քրեական հետաքննություն անցկացնել ընդդիմության առաջնորդների պետական դավաճանության մեղադրանքի գործով այն կապակցությամբ, որ նրանք իբրև թե հրահրել են իրենց կողմնակիցներին տապալել նախագահ Մուհամմադ Մուրսիի վարչակարգը,- հաղորդում է Associated Press-ը:
Հետաքննության նախաձեռնողը եղել է Տալաաթ Իբրահիմը, որը նոյեմբերին Մուրսիի կողմից նշանակվել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնին: Ակնկալվում է, որ ընդդմադիր առաջնորդների դեմ սկսված հետաքննությունը կբարդացնի երկրի՝ առանց այդ էլ լարված քաղաքական իրավիճակը:
Հետաքննություն սկսելու է պատճառ են դարձել առնվազն երկու փաստաբանների բողոքները, որոնք Եգիպտոսի դատախազությանը փոխանցվել են 2012 թ. դեկտեմբերին: Բողոքն ուղղված է ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամմադ Ալ-Բարադեի, երկրի նախկին արտգործնախարար Ամր Մուսայի և նախագահական ընտրություններում Մուրսիի հակառակորդ լրագրող Համդին Սաբահիի դեմ: Նրանցից ոչ մեկը դեռևս չի մեկնաբանել հետաքննության նախաձեռնությունը, սակայն ընդդիմությունը, ընդհանուր առմամբ, հերքում է մեղադրանքները:
Եգիպտոսի մշակույթի նախկին նախարար Իմադ Աբու Ղազին նշել է, որ Եգիպտոսում հաստատվում է ոստիկանական պետություն և վերացվում են քաղաքական ընդդիմախոսները:










































