Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Ռաֆիկ Մարկոսյանի գործի դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա Ռաֆիկ Մարկոսյանը նախնական համաձայնության էր եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող, մարմնավաճառությամբ զբաղվող Քրիստինե Ներսիսյանի հետ՝ սեռական շահագործման ենթարկելու նպատակով 18 տարին չբոլորած Աստղիկին ու նրա ընկերուհի Էլենին հավաքագրելու և Ռուսաստան տեղափոխելու վերաբերյալ:
Էլենը չէր ընդունել Ռաֆիկի առաջարկը, ասել էր՝ ծնողներս չեն թողնի:
Աստղիկի հետ Ռաֆիկը մի գիշեր անցկացրել էր Սևանում, հաջորդ օրը աղջկա ծնողների ճնշման տակ, վախենալով 18-ը չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելուց, խոստացել էր, թե կամուսնանան, կապրեն ընտանեկան կյանքով:
Քրիստինեին ներկայացրել էր որպես իր մորաքրոջ աղջիկ, որոշ ժամանակ Աստղիկի հետ բնակվել էր Քրիստինեի տանը:
Ապա Աստղիկին առաջարկել էր Ռուսաստան մեկնել, աշխատել ու լավ ապրել:
Աղջիկը՝ սիրահարված լինելով, ու նրա ծնողները՝ վախենալով խայտառակվելուց, շրջապատի կարծիքներից, համաձայնել էին: Աղջկա հայրը նույնիսկ նյութական օժանդակություն էր ցուցաբերել:
«Նորապսակ» զույգի հետ դեպի Ռուսաստան էր ուղևորվել նաև Ռաֆիկի սիրուհին՝ Քրիստինեն: Վերջինս ասել էր, թե ճանապարհի կեսն է նրանց հետ լինելու, հետո պիտի մեկնի Լվով:
Հասել էին Մինվոդի: Այնտեղ նրանց փողը վերջացել էր, սկսել էին աշխատանք փնտրել:
Ըստ մեղադրանքի՝ Ռաֆիկն Աստղիկին առաջարկել էր մարմնավաճառություն անել, աղջիկը հրաժարվել էր:
Ծանոթացել էին մոտակա գյուղում հողամաս ունեցող մի հայի՝ Վաչիկի հետ: Համաձայնության էին եկել նրա հողամասում սոխ աճեցնել, ապրել նույն գյուղում՝ Վաչիկի տանը:
Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի հուլիսի 12-28-ը Ռաֆիկն ու Քրիստինեն Աստղիկին ենթարկել էին աշխատանքային շահագործման:
Ռաֆիկը բռնություն էր գործադրել, պարբերաբար ծեծել Աստղիկին, սպառնացել:
Չդիմանալով բռնությանը՝ Աստղիկը փախել էր: Հարևան հայերի օգնությամբ նրան գտել էին: Նույն հարևանների ակտիվ մասնակցությամբ էլ աղջկան ճանապարհել էին Երևան: Կատարվածի մասին նա ու ծնողներն իրազեկել էին իրավապահներին:
Քրիստինե Ներսիսյանն առաջինն էր բռնվել:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Էլենի մասով արդարացրել է Քրիստինեին, իսկ տասնութ տարին չլրացած Աստղիկին թրաֆիքինգի ենթարկելու համար նրան դատապարտել է 11 տարի ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանն այս դատավճիռը թողել է անփոփոխ:
Ռաֆիկ Մարկոսյանն ավելի ուշ է բռնվել, գործի նրա մասը նոր է քննվում ընդհանուր իրավասության դատարանում: Նախագահող Ալեքսանդր Ազարյանն է քննել նաև գործի՝ Քրիստինեի մասը:
Այսօր դատարանում շարունակվեց Ռաֆիկ Մարկոսյանի ավագ եղբոր հարցաքննությունը:
Մեղադրողի հարցերին նա պատասխանեց. երբ Ռաֆիկն Աստղիկի հետ Ռուսաստան էր գնում, ինքը գումար չի տվել, որովհետև բարկացած էր եղբոր վրա՝ Աստղիկի հետ կապվելու համար:
Քրիստինեին անձամբ չի ճանաչել, հետը խոսել է միայն հեռախոսով: Իմացել է, որ Քրիստինեն մարմնավաճառ է, միևնույն ժամանակ՝ եղբոր սիրուհին: Քրիստինեի վերաբերյալ այլ մանրամասներ նրան չեն հետաքրքրել:
Մեղադրողը հարցրեց՝ հարցաքննվողը գիտի՞, որ Քրիստինեն մեղադրվել է եղբոր հետ նախնական համաձայնությամբ անչափահաս աղջկան թրաֆիքինգի ենթարկելու համար, նա հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակում «թրաֆիքինգ»: Մարկոսյանը պատասխանեց, թե ոչ մի բան չի հասկանում թրաֆիքինգից, չի էլ ուզում հասկանալ:
Տուժողի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանի հարցերին Ռաֆիկի եղբայրը պատասխանեց, թե Աստղիկը եղել է նրա ընկերոջ խանութի աշխատողը: Երևի աշխատանքի էր ընդունվել՝ խանութի պատուհանին փակցված հայտարարությունը կարդալով:
Որ Քրիստինեն Ռաֆիկի ու Աստղիկի հետ մեկնել է Ռուսաստան և ապրել նույն տանը՝ հարցաքննվողն իմացել է եղբոր հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Ես չէի ուզում եղբորս տեսնել ոչ Քրիստինեի, ոչ Աստղիկի հետ: Հեռախոսով, երբ դեռ Երևանում էին, զայրացել եմ Քրիստինեի վրա, ասել եմ՝ հեռու մնա եղբորիցս: Նա էլ ասաց, թե ինքը մեկնելու է Լվով»:
Թե ինչու սովորաբար եղբորն օգնող երիտասարդը Ռուսաստանում անփող, ճանապարհի կեսին մնացած Ռաֆիկին գումարով չի օգնել, հարցաքննվողն ասաց, թե շատ նեղը լինելու դեպքում եղբայրը գումար կուզեր: Բայց նա չի ուզել, ինքն էլ չի առաջարկել, որովհետև մի քիչ խառը պահ է եղել, ինքն էլ զայրացած է եղել:
Երբ Ռաֆիկը Աստղիկին Սևան է տարել, հետը գիշեր անցկացրել, ինքը չի հարցրել՝ աղջիկը կույս է եղել, թե ոչ: Աստղիկի պահվածքից, տղաների հետ ունեցած հեռախոսազրույցներից ենթադրել է, թե նա կույս չէ:
Իր կարծիքով՝ Աստղիկը Մինվոդիից վերադարձել է, որովհետև չի համակերպվել, եղբոր հետ չի հարմարվել:
Նա այդպես էլ ասել է իր ընկերոջը, երբ հանդիպել է Երևանում:
Ռաֆիկն էլ նույն բանն է հեռախոսով ասել Աստղիկի հորը:
Այն հարցին՝ ինչու է Հայաստան վերադառնալուց առաջ Աստղիկը թուղթ գրել ու ստորագրել, թե Ռաֆիկից ոչինչ չի պահանջում, նա իր նկատմամբ լավ է վարվել, հարցաքննվողը պատասխանեց, թե եղբայրն այդ գրությունը, երևի, վերցրել է իր ապահովության համար: «Իսկ ինչո՞ւ է կամովին նման գրություն գրած աղջկը հետո բողոքել»: «Երևի վրեժ է լուծել: Մենք բոլորս շոկի մեջ էինք»,- եղավ պատասխանը:
Նախագահողը հարցրեց՝ ասե՞լ է հարցաքննվողը, թե ավելի լավ էր Ռաֆիկը տասնութը չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար դատվեր, քան թրաֆիքինգի, արդյոք առաջին արարքը, ըստ նրա, նույնպես մեղք չէ՞ր:
Հարցաքննվողը չպատասխանեց:
Ռաֆիկ Մարկոսյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանն ասաց, թե մեկ անգամ ևս ցանկանում է միջնորդել, որ դատարան բերվի ու հարցաքննվի դատապարտյալ Քրիստինե Ներսիսյանը:
Ի վերջո՝ մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ներսիսյանը Ռաֆիկի հետ նախնական համաձայնությամբ է կատարել հանցանքը, նրանք պետք է առերես հարցաքննվեն, Քրիստինեի ցուցմունքները Ռաֆիկի գործի անբաժանելի մասը պիտի կազմեն:
Սակայն պաշտպանը միաժամանակ ասաց, թե ավելի առաջնահերթ միջնորդություններ ունի:
2011 թվականի օգոստոսի 11-13-ը Ռաֆիկի հարազատների նյութական միջոցներով պաշտպանը մեկնել էր ՌԴ, այն գյուղը, որտեղ «աշխատանքային շահագործման» էր ենթարկվել Աստղիկը, ապա տեղի հայ բնակիչների օգնությամբ Երևան էր վերադարձել:
Նախաքննության շրջանակներում այդ հարևանները հարցաքննվել էին:
Պաշտպանը նշեց, թե ինքը կատարել է տեղանքի, տների դիրքի լուսանկարահանումներ, մասնավոր զրույցներ է ունեցել վկաների և գյուղի այլ բնակիչների հետ, նրանց գրավոր համաձայնությամբ տեսանկարահանել է իրենց զրույցները:
Պաշտպանը միջնորդեց Ռուսաստանում կատարած իր լուսանկարները, տեսանյութերը հետազոտել, որպես ապացույց ճանաչել. պաշտպանական կողմն էլ իրավունք ունի ապացույցներ ներկայացնելու:
Ըստ պաշտպանի՝ լավ կլիներ, եթե իր հավաքած նյութերը հետազոտվեին տուժողի ներկայությամբ, նա կհաստատեր կամ կժխտեր դրանց իսկությունը:
Մեղադրողը և տուժողի ներկայացուցիչն առարկեցին՝ հիմնավորելով, թե դա հակասում է քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ գլխի պահանջներին: Հայտնի չէ՝ իրականում ինչ տարածքներ ու տներ էին լուսանկարվել, ում հետ էին անցկացվել «մասնավոր զրույցները», լուսանկարներն ու տեսանյութերը մոնտաժված էին, թե ոչ:
Նախագահողը նշեց, որ ռուսաստանյան վկաները 2011 թվականի օգոստոսի 27-28-ին, այսինքն՝ պաշտպանի այցելությունից օրեր անց, գրավոր դիմել էին դատարանին ու հայտնել, թե չեն հրաժարվում իրենց նախաքննական ցուցմունքներից, մինչդեռ նման հարց նրանց չէր տրվել, կարծես ինչ-որ մեկի տված հարցին գրավոր պատասխանել և ուղարկել էին դատարան:
Նախագահող դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունները՝ հիմնավոր գնահատելով մեղադրանքի կողմի հիմնավորումները:
Պաշտպանը հայտարարեց, թե այդ դեպքում դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում: Պաշտպանը փորձեց բանավոր կատարել միջնորդությունը, սակայն խոսքը երկարեց, ասելիքը դարձավ ոչ հստակ, ինչի համար դատավորը զգուշացրեց նրան:
Պաշտպանը ժամանակ խնդրեց, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը գրավոր ձևակերպի և ներկայացնի:
Նախագահողը պաշտպանի այս մի միջնորդությունը բավարարեց ու հաջորդ նիստը նշանակեց 2013 թվականի հունվարի 15-ին: Այս տարվա վերջին նիստը հայտարարվեց ավարտված:
Մարկոսյան եղբայրները մի պահ մոտեցան իրար: Ավագ եղբոր այտը նյարդային թրթռաց: Դեմքը նկատելիորեն տխրեց: Կրտսերը ավելի անմիջական արտահայտեց, որ կարոտել է: Հետո նրանք նորից բաժանվեցին:











































