Եգիպտոսի գլխավոր դատախազը կարգադրել է Հոսնի Մուբարաքին «Թորա» բանտից տեղափոխել Կահիրեի զինվորական հոսպիտալ՝ բուժման նպատակով։ Մուբարաքը դատապարտված է ցմահ ազատազրկման։
Գլխավոր դատախազը նախկին նախագահի առողջական վիճակը զննելու համար կազմավորել է բուժհանձնաժողով, որի անդամների խորհրդով էլ ընդունել է նրան հոսպիտալ տեղափոխելու որոշումը։
Տեղափոխման կոնկրետ ամսաթիվը չի հայտնվել։
Գլխավոր դատախազը կարգադրել է նաև սկսել հետաքննել ընդդիմադիրների գործը՝ ռեժիմին տապալել հրահրելու մեղադրանքով։ Ըստ ԶԼՄ-ների՝ մեղադրվողների մեջ են Նոբելյան մրցանակակիր, ԱԷՄԳ-ի նախկին գլխավոր տնօրեն Մուհամմեդ էլ-Բարադեյը, Արաբական Պետությունների Լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, նախկին ԱԳ նախարար և Եգիպտոսի նախագահի նախկին թեկնածու Համդին Սաբբահին։
Ըստ որոշ տվյալների՝ ընդդիմադիրների դեմ գործ էր հարուցվել դեռ անցյալ ամիս, սակայն այն նոր է ընթացք ստանում։
Մուբարաքի կողմնակիցները պնդում են, որ բանտում նրա նկատմամբ վատ են վերաբերվում, դեղամիջոցները պատշաճ կերպով չեն տրամադրում, ինչի հետևանքով նախկին նախագահի մոտ քաշի զգալի կորուստ և առողջական վիճակի վատթարացում է նկատվում։
Վերջերս 84–ամյա Մուբարաքը լոգասենյակում ընկել ու վնասվածքներ էր ստացել։








































