2012 թ. փետրվարին Ֆիլիպիններում տեղի էր ունեցել մի դեպք, որը ցնցել էր բոլորին. Կաբանգ անունով շունը, նետվելով արագ ընթացող մոտոցիկլետի ուղղությամբ, փրկել է փողոցն անցնող երկու երեխաների կյանքը:
Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, վթարի հետևանքով երեխաները շատ թեթև վնասվածքներ էին ստացել, իսկ շունը, փորձելով կանգնեցնել մոտոցիկլետը, ատամներով բռնել էր դրա դիմացի անիվից, ինչի հետևանքով զրկվել էր ծնոտից:
Ընտանիքը, որն օրական վաստակում է 3.5 դոլար, կարեկցանքից բացի, ոչնչով չէր կարող օգնել շանը: Բժիշկները խորհուրդ են տալիս քնեցնել շանը, սակայն նրա մասին պատմությունը տարածվում է այնքան արագ, որ շուտով ոչ միայն Ֆիլիպինների, այլ նաև ամբողջ աշխարհի բնակիչները սկսում են գումար ուղարկել շանը վիրահատելու համար:
Կաբանգը տեղափոխվում է Կալիֆոռնիայի Դևիս քաղաքի հիվանդանոց, որտեղ նախատեսվում էր իրականացնել պլաստիկ վիրահատություն, սակայն հոկտեմբերին բժիշկները շան մոտ հայտնաբերում են սարկոմա, որի դեպքում վիրաբուժական միջամտություն չի թույլատրվում:
Սակայն կենդանին չի հանձնվում:
Դեկտեմբերի 26-ին բժիշկները հայտարարել են, որ շունը կարողացել է հաղթահարել քաղցկեղը:
Այժմ վիրաբույժները պատրաստվում են պլաստիկ վիրահատության ենթարկել շանը. նախատեսվում է իրականացնել երեք վիրահատություն:
Հավանաբար, Կաբանգը կկարողանա Ֆիլիպիններ վերադառնալ մայիսին:









































