Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Հունգարիայի ու Չեխիայի նախագահներն առաջիկայում այցելելու են Ադրբեջան:
Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսն Ադրբեջան է այցելելու մայիսի կեսերին: Այս այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009 թվականի մայիսին` Պրագայում կայացած «Արևելյան գործընկերության» առաջին գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ Ադրբեջանի ու Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1993 թվականին, իսկ ահա Բաքվում Չեխիայի դեսպանատունը սկսել է գործել միայն 2009 թվականի դեկտեմբերից:
Հունգարիայի նախագահ Պալ Շմիտն իր հերթին Ադրբեջան կայցելի այս տարվա երկրորդ կիսամյակին: Դա կհանդիսանա Հունգարիայի առաջին նախագահի այցը դեպի Ադրբեջան:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմանի հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության զարգացման խնդիրները:
Նշվում է, որ Հունգարիան նախագահելու է մայիսին կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրորդ գագաթնաժողովում:











































